«Հայազն» կուսակցություն. Իրավիճակը մասամբ փրկել է Զարուհի Փոստանջյանի քայլը

Հայաստանի ինքնիշխանության, ազգային անվտանգության և պետականության հիմնարար շահերի դեմ հանցավոր հետևողականությամբ գործող ներկայիս անօրեն վարչախումբը Սահմանադրական իրավուքի ողջ տարողությամբ չունի և երբևէ չի ունեցել հայ ժողովրդի և Հայոց պետության անունից հանդես գալու որևէ իրավունք:

Շարունակելով ազգային շահն ու ինքնիշխանությունը հանուն անձնական ու խմբակային հանցանպատակների դավելու ընթացքը, իշխանությունը յուրացրած վարչախումբը խորհրդարանական հաստատման է ներկայացրել դեկտեմբերի 2-ին կնքված ծայրաստիճան ստորացուցիչ և հեռահար սպառնալիքներով հարուստ «գազային համաձայնագիրը»:

Իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների մեծամասնությունը դարձյալ նախընտրել է մնալ քաղաքական «կոռեկտության» սահմաններում: Իրավիճակը մասամբ փրկել է Զարուհի Փոստանջյանի քայլը, որի շնորհիվ չորս խմբակցություններն այս պահին ձգտում են «շատ սկզբունքային» երևալ՝ բավարարվելով սոսկ ոչ էլեկտրոնային քվեարկության օրինականության վիճարկմամբ:

Ընդդիմության ընդհանուր գաղափարական, կազմակերպչական և մարդկային որակները վաղուց ի վեր Հայաստանում հակապետական վարչախմբի իշխանազրկման ճանապարհին ծառացած գլխավոր խոչընդոտ են: Ուստի, ընդդիմությունափոխությունն այլևս անայլընտրանք նախապայման է՝ Հայաստանում ազգային հեղափոխությունն ու համակարգային իշխանափոխությունն իրականացնելու համար:

Միաժամանակ, հակապետական վարչախմբի ստորագրած և խորհրդարանական խամաճիկ մեծամասնության «վավերացրած» Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող կամ նվազեցնող որևէ պայմանագիր, համաձայնագիր կամ արձանագրություն ի սկզբանե զուրկ է որևէ օրինավորությունից, առ չեղյալ է և Հայոց պետության համար որևիցե իրավական պարտավորություն չի առաջացնում:

Ընդ որում՝ Հայոց պետության ինքնիշխանության դեմ քստմնելի ոտնձգություն կատարած յուրաքանչյուր պետական պաշտոնյա և պատգամավոր, երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո, անսասան հետևողականությամբ ենթարկվելու է անհատական խստագույն և անխուսափելի քրեաիրավական պատասխանատվության:

«Հայազն» կուսակցության վարչություն
24 դեկտեմբերի 2013թ.

Տեսանյութեր

Լրահոս