Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն:
Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:
Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը խստորեն հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել մայթերի և բակային տարածքների, ինչպես նաև աստիճանահարթակների մաքրման աշխատանքների ընթացքը: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:
«Կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն: Դեռ բավական անելիքներ կան հատկապես բակային տարածքների, մայթերի և աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Անշուշտ, խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստեղծվում են լրացուցիչ դժվարություններ և խոչընդոտներ, սակայն պետք է շարունակել ամենօրյա աշխատանքն ու մեր քաղաքացիների համար ապահովել համապատասխան պայմաններ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև հանձնարարել է տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում ձնամաքրման համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով, նախապատարաստել անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ և, համայնքային ենթակայության ձեռնարկությունների մեքենասարքավորումներին զուգահեռ, այդ աշխատանքներում ներգրավել նաև շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան:
Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ավտոճանապարհների շինարարության երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել և դրանից հետո միայն վերջնականապես ներկայացնել փաթեթը:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2013 թվականի ընթացքում սիրիահայ հարյուրավոր ընտանիքների, ըստ անհրաժեշտության, ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական: Սիրիահայերն ակտիվորեն ներգրավված են եղել նաև կրթական-մշակութային տարբեր ծրագրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն