Լարված իրավիճակը ԱԺ-ում շարունակվում է. ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը, լրագրողները հարվածում են ապակիներին

Ինչպես տեղեկացել էինք, ԱԺ այսօրվա նիստի ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել էր քվեարկության համար նախատեսված ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը: Առանց այդ քարտերի պատգամավորները չէին կարող քվեարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրին:

Սակայն ՀՀԿ-ական պատգամավորները չհանձնվեցին, և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը կատարվելու է ձեռքերը վեր բարձրացնելով։ ՀՀԿ-ական պատգամավորները ձեռքերը բարձրացրին, և հայտարարվեց, որ կողմ են քվեարկել 77 հոգի։ Սակայն ընդդիմադիր պատգամավորները ընդվզեցին այս որոշման դեմ։ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ձայների թիվը 65 է և քվեարկություն չի կարող լինել։ Իսկ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ քվեարկությունը պետք է չեղյալ հայտարարվի։ Սակայն Հ. Աբրահամյանը ուշադրություն չդարձնելով այդ բողոքներին՝ հայտարարեց, որ այժմ պետք է ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր դեմ են։ Այդ պահին ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը։  « Հիմա մենք կքվեարկենք կողմ »,- ասաց ԱԺ նախագահը, սակայն լարված իրավիճակը դրանով չավարտվեց։ Իշխանական խմբակցությունների պատգամավորներին փորձում էին խանգարել լրագրողները՝ ձեռքերով հարվածել ապակիներին։ Սակայն շուտով ԱԺ անվտանգության աշխատակիցները ներս մտան, լրագրողների ձեռքերից վերցրին պաստառները և պահանջեցին չաղմկել ու չհարվածել ապակուն:

 

Մանրամասները և տեսանյութը՝ քիչ անց

Տեսանյութեր

Լրահոս