
19-ամյա աղջիկը հայտնվել է դատարանում՝ իր գոյություն չունեցող երեխային խեղդամահ անելու մեջ մորը մեղադրելու համար

Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի սուտ մատնության առթիվ հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել Ս. Ավետիսյանին: Նրան մեղադրվում է այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում` նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, այնուամենայնիվ մոր` Ա. Ավետիսյանի նկատմամբ կատարել է սուտ մատնություն: Ս Ավետիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա մորը մեղադրել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, հայտնելով թե, իբր մայրը 2012թ. օգոստոս ամսին, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գտնվող իրենց տանը խեղդամահ է արել իր գոյություն չունեցող 1.3 տարեկան երեխային:
19-ամյա Ս. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մտնության համար, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրվելով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռնալու մասին: Գործը քննելու է դատավոր Յուրի Բաղդասարյանը: