Բաժիններ՝

Կշարունակվի «Խոսրովի անտառ»-ից «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի գործով ամուսինների բողոքի քննությունը

Դեկտեմբեր 25-ին քրեական վերաքննիչ դատարանում կշարունակվի «Խոսրովի անտառ» արգելոցից «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի գործով բողոքի քննությունը: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ամուսիններ Ն. Սարգսյանին և Մ. Գրիգորյանին: Ն. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտվելով «Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ լինելու հանգամանքից և ձեռք բերելով մեծ քանակությամբ որսորդական հրացաններ, զինամթերք, թակարդներ ու սարքեր, ապօրինի որսի վերաբերյալ նախնական համաձայնության է եկել կնոջ` Մ. Գրիգորյանի հետ, խմբում ներգրավել է այլ որսորդներ ու որսամսի գնորդներ, որոնց ինքնությունը քննությամբ հնարավոր չի եղել պարզել:

Ապա, ըստ մեղադրանքի, կատարված դերաբաշխման համաձայն` 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որսագողությամբ նպատակով ձեռք բերված ձիով, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, սիստեմատիկ մուտք է գործել «Խոսրովի անտառ» պետական արգելանոց և այնտեղ ու հարակից տարածքներում կատարել ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների որս:

Ըստ նախաքննական մարմնի՝ որսի ցանկում ներգրավված են եղել  42կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70կգ. մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464կգ. մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և նույն տարածքով հոսող «Ազատ» գետից, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` 34կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս, ինչը որսամսի և արջի մորթու հետ Մ. Գրիգորյանն իրացրել է շուկայական 1.767.000 դրամ ընդհանուր գնով և գումարը բաժանել իր ամուսնու և մյուս որսագողերի միջև` գործընթացը ենթարկելով գրավոր հաշվառման:

«Ն. Սարգսյանի և մյուսների ապօրինի գործողությունների հետևանքով բնությանը պատճառվել է 9.600.000 դրամի խոշոր վնաս»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ: Ն. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի որի համար, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և ապօրինի կերպով  զենք ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 235-րդ հոդվածի 1-ին մաս):

Ն. Սարգսյանի կնոջը՝ Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պօրինի որսի վերաբերյալ նախնական համաձայնության գալով ամուսնու` Ն. Սարգսյանի և խմբում ներգրավված այլկ որսորդների ու որսամսի գնորդների հետ, ընդունել , գրավոր հաշվառման է ենթարկել և շուկայական 1.767.000 դրամ ընդհանուր գնով իրացրել է Ն. Սարգսյանի ու մյուսների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ու հարակից տարածքներում սիստեմատիկաբար որսած` «Կարմիր գրքում» գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների միսը, մորթին և ձուկը: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի որսի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ն. Սարգսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 2 տարի ժամկետով, ինչպես նաև 2 տարով զրկել որսորդությամբ զբաղվելու իրավունքից: Մ. Գրիգորյանը ևս մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 500.000 դրամ տուգանքի, ինչպես նաև 2 տարով զրկել որսորդությամբ զբաղվելու իրավունքից:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 37.600.000 դրամ գումարի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի: Դատարանը որոշել է Ն. Սարգսյանից և Մ Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.600.000 դրամ գումար` որպես բնությանը պատճառված վնասի հատուցման գումար:
Քաղաքացիական հայցի մնացած մասը՝ 28.000.000 դրամ գումարը, թողնվել է առանց քննության:

Երկու ամբաստանյալների պաշտպանը վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս