
Անահիտ Բախշյանը՝ Հանրապետականներին. Մի՛ մտեք այդ հավերժական անեծքին արժանի քայլի տակ, մեր սերունդները չե՛ն ներելու ձեզ

«Հանրապետականնե՛ր, երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը: Հիշեցնում եմ լուսահոգի Մովսեսի կոչը՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Դուք այդ «վաղի» հույսը խորտակում ե՛ք: Չմոռանա՛ք նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի և նրա ակունքներում կանգնածների տառապանքն ու գաղափարները, չէ՞որ ձեզանից շատերը ժամանակին դրանց շնորհիվ են հայտնվել այնտեղ, որտեղ ե՛ք:
Վստահ եղե՛ք, նրանց հոգիներն անմահ են, այս պահին խռովված են, համոզված եմ, որ նրանք անիծելու են այս ստրակական պայմանագիրը կնքողներին: Դուք իրավունք չունե՛ք նրանց երազած և այդ երազանքի համար իրենց կյանքը չխնայած մարդկանց Հայրենիքի, ձեր ու բոլորիս երեխաների ու թոռների ապագան վտանգելու՝ մեր գլխին փաթաթելով ստրկական այս համաձայնագիրը: Մի՛ մտեք այդ հավերժական անեծքին արժանի քայլի տակ, մեր սերունդները չե՛ն ներելու ձեզ: Ուշքի՛ եկեք, խնդրո~ւմ եմ»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյան