Խոնավ բնակարանում այս ցրտին ապրելը հեշտ բան չէ, երեխաները հիվանդանում են անընդհատ… (ֆոտոշարք). ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. «Խոնավ, մութ և թաց պատերի տակ ծվարած 4 անչափահասների համար տրամադրությունը ամենևին էլ նախատոնական չէ: Նայում եմ շուրջ բոլորս եւ չկա զարդարանքի գոնե մեկ նշույլ… ամեն ինչ մռայլ է: Դրսում տիրող նախաամանորյա եռուզեռը այս փոքրիկներին կարծես չի վերաբերվում, այստեղ «ուրիշ աշխարհ» է: Ընտանիքի համար տոնը բոլորովին այլ հասկացություն է՝ օրվա վառելիք, տաք ճաշ եւ հաց, մանկան ժպիտ… այս ամենը բավական է օրը նրանց համար տոն դարձնելու համար:
«Միայն առողջ լինեն, շուտ-շուտ են հիվանդանում»,- հոգոց է հանում Էլիզան՝ ընտանիքի մայրը: «Խոնավ բնակարանում այս ցրտին ապրելը հեշտ բան չէ: Վառելիք հազիվ ենք հայթհայթում… հիվանդանում են անընդհատ…»,-կցկտուր խոսում է մայրը: «Տեսնում եմ, թե քաղաքում ինչ ակտիվություն է տիրում, մարդիկ պատրաստվում են ամանորին, իսկ մենք… մեր միակ եկամուտը նպաստն է, աշխատող չունենք: Գումարը ստանալուց հետո պարտքեր ենք տալիս եւ այսպես շարունակ: Ուրիշ հնար եւ միջոց չունենք»,- շարունակոմ է ցրտից ինքն էլ կուչ եկած Էլիզան:
Ապրում են Գյումրիի Ղուկասյան 14 հասցեում: 6 հոգով Հայթյանների ընտանիքը տեղավորվել է մեկ սենյակում՝ 4 երեխաներն են, Էլիզան եւ նրա մայրը՝ տիկին Խանումը: Սենյակը ջեռուցում են վառարանով՝ գազ օգտագործելու հնարավորություն չունեն: Չկա նաեւ վառելիք: Այստեղից-այնտեղից բերում են ամեն ինչ՝ ինչ հնարավոր է վառել եւ ջերմություն ապահովել՝ անիվ, ստվարաթուղթ… Խնայում են, որ շուտ չվերջանա, բայց միեւնույն է՝ ջերմությունը միշտ պակասում է այստեղ»:
Արմինե Մամիկոնյան
Ֆոտոշարքը՝ Տիգրան Գասաբյանի
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբանաղբյուր կայքում: