Տիգրան Սարգսյանը հանձնարարություններ է տվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի, www.karabakhfacts.am տեղեկատվական կայքի շնորհադեսին և ամենամյա-գիտաժողով քննարկմանը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Տիգրան Սարգսյանը ողջունել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից նշված աշխատանքների իրականացումը և կարևորել միջազգային իրավունքի տեսակետից մեր երկրին առնչվող տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը:

«Այս խնդիրն առավել արդիական է մեզ համար, եթե հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մեր երիտասարդ պետությունը: Այսօր միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ, որ պետք է գտնվի համեմատական իրավունքի տեսակետից, քանի որ այսօր առնչվում ենք բազմաթիվ այլ հարցերի ևս:

Այսօր կարևոր է նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հաշվի առնելով, որ այդ ռեսուրսների մի զգալի մասը ձևավորվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ երկրի կառավարությունը միակողմանիորեն որոշում է ընդունել, մասնավորապես, 20 մլրդ դոլար է հատկացրել Արարատյան դաշտավայրում ձևավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի վրա ջրամբարների կառուցման համար: Ըստ մասնագետների՝ տարիներ հետո լրջագույն խնդիր ենք ունենալու Արարատյան դաշտավայրում ոռոգման համակարգերի հետ կապված»,- ասել է ՀՀ վարչապետը:

Այդ առումով, Տիգրան Սարգսյանի խոսքով, կան որոշակի իրավական հիմքեր, որոնք հնարավորություն պետք է ընձեռեն, որպեսզի Հայաստանը պաշտպանի իր ազգային շահերը: Մասնավորապես, վարչապետի դիտարկմամբ. պետք է բացահայտել միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ, փաստաթղթեր, որոնք  հնարավորություն կտան միջազգային ատյաններում պաշտպանել մեր շահերը: Կառավարության ղեկավարի տեղեկացվամբ՝ հիշատակվում են նաև պայմանագրեր, որոնք կնքվել են դեռևս Խորհրդային միության տարիներին:

«Երկրորդ խնդիրը, որը նույնպես գտնվում է իրավաբանական հետազոտությունների ոլորտում,  ատոմային նոր էներգաբլոկի կառուցումն է, որի շուրջ պարտավոր ենք հաշվի առնել հարևան պետությունների դիտարկումները` մինչ շինարարական աշխատանքների սկիզբը: Մասնավորապես, պետք է լուրջ իրավաբանական սպասարկում, որպեսզի հետագայում խոչընդոտներ չունենանք նոր բլոկի կառուցման գործում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ նմանատիպ խնդիրները, որոնք ունեն տարածաշրջանային նշանակություն՝ բազմազան են: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ լուրջ ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանա նաև հարևան պետության կողմից սպառազինության բնագավառում միջազգային պարտավորությունների խախտման հարցը:

Տիգրան Սարգսյանը ողջունել է երիտասարդ հետազոտողների գործունեությունը և կոչ արել շարունակել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները;

Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքում ներկայացված են այդ բնավագառում Հայաստանին առնչվող հիմնախդիրների իրավական ասպեկտները, իսկ www.karabakhfacts.am տեղեկատվական կայքը հնարավորություն կտա բոլորին օբյեկտիվորեն ծանոթանալ ԼՂ հիմնախնդրին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս