
Անվճար բուժօգնություն ստացողների թիվը կավելանա 30 հազարով

2014թ. հունվարի 1-ից կընդլայնվի անվճար բուժօգնություն ստացողների ցուցակը: Ինչպես այսօր «Առողջպահության ոլորտում արդի խնդիրները» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ ՊԱԳ պետ Սարո Ծատուրյանը, հաջորդ տարվանից սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու 36 միավորի շեմը կիջեցվի 30 միավորի: Արդյունքում՝ պետպատվերով բուժման ենթակաների թիվը կավելանա 30 հազարով: Այդ նպատակով լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի 3 մլրդ դրամ, ինչը նախատեսված է 2014թ. պետբյուջեով:
Նա նշեց, որ ներկայումս պետպատվերի համակարգում 470 բուժկազմակերպություններ են ներգրավված, բացառություն են ստոմատոլոգիական պոլիկլինիկաները:
Անդրադառնալով հաջորդ տարի սպասվող ֆինանսական փոփոխություններին՝ Ս.Ծատուրյանը հայտնեց, որ հուլիսի 1-ից նախատեսվող աշխատավարձերի բարձրացման շրջանակներում բժշկի աշխատավարձը կավելանա մոտ 70%-ով և կհասնի միջինում 178 հազար դրամի: