Օբամա. Անվտանգության գործակալությունն ԱՄՆ քաղաքացիներին չի գաղտնալսում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ Սպիտակ տանը կայացած ասուլիսում հայտարարել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը ամերիկացիներին չի հետեւում եւ գաղտնալսում: «Համոզված եմ, որ ԱԱԳ-ն չի հետեւում քաղաքացիներին երկրի ներսում»,-ասել է նա:
Օբաման նաեւ հայտարարել է, որ մտադիր է «մի քանի շաբաթվա ընթացքում որոշում կայացնել» անկախ փորձագետների կողմից իրեն ներկայացված` ԱԱԳ գաղտնի ծրագրերի մասին զեկույցի վերաբերյալ:
Օբամային հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ին հաջողվել է ԱԱԳ գործունեության արդյունքում ինչ-ինչ սպառնալիքներ վերցանել, սակայն նա խուսափել է կոնկրետ պատասխան տալուց: «Մարդիկ մտահոգվում են, որ իրենց կարող են գաղտնալսել: Մենք այդ խնդիրը հաշվի ենք առնում»,-ասել է նա` անդրադառնալով Սնոուդենի բացահայտումներին:
Նա նաեւ ընդգծել է, որ լուրջ աշխատանքներ են տարվում հասարակության վստահության վերականգնման ուղղությամբ: Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաեւ միջազգային հանրությանը: