
2013 թ-ը ռեկորդային կարող է լինել փախստականների թվի առումով. ՄԱԿ

2013 թվականը կարող է ռեկորդային լինել փախստականների եւ տեղահանված անձանց թվաքանակի առումով` պայմանավորված աշխարհում ավելացող հակամարտություններով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում:
Առաջին կիսամյակում իրենց տները ստիպված է եղել լքել 5,9 մլն մարդ` ամբողջ 2012թ. 7,6 միլիոնի դիմաց: Նրանց հիմնական մասը Սիրիայից են: Զեկույցում, որը հիմնված է 120 երկրների տվյալների վրա, նշվում է, որ նոր փախստականների թիվը կես տարվա ընթացքում կազմել է 1,5 մլն` անցած տարվա 1,1 միլիոնի փոխարեն: Նոր հարկադիր տեղահանվածների թիվը սեփական երկրներում հասել է 4 միլիոնի` անցած տարվա 6,5 միլիոնի դիմաց:
«Ցավալի է նման թվեր ունենալ եւ հարցադրում չանել, թե ինչու է այսօր այդքան շատ մարդ փախստական դառնում»,-հայտարարել է գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը:
2013 թ. տվյալները հայտնի կդառնան մյուս տարի, սակայն ակնհայտ է, որ դրանք զգալիորեն գերազանցելու են նախորդ տարվա ցուցանիշները, որոնք առանց այդ էլ բարձր էին: