
Կառավարությունն անընդունելի է համարել Զարուհի Փոստանջյանի օրինագիծը

Կառավարությունը քննարկել է «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա առաջարկել է ձկների ձվադրման ընթացքում կասեցնել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը: Կառավարության եզրակացության համաձայն, քանի որ մանրաձկան ձևավորման և զարգացման փուլը կրկնվող, շարունակական գործընթաց է, իրականում ՀԷԿ-երի աշխատանքը ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի: Գործադիրն ընդունելի է համարել բնապահպանական միջոցառումներ չիրականացնող ՀԷԿ-երի աշխատանքի դադարեցումը, ինչպես նաև լճի անմիջական ազդեցության գոտում նոր ՀԷԿ-երի կառուցման արգելումը, սակայն ներկայացրել է նաև մի շարք առարկություններ: Օրինագիծն այս տեսքով կառավարությունն անընդունելի է համարել: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: