Հայաստանը նախընտրեց ՄՄ-ն՝ «Եվրոպայի և Ռուսաստանի առճակատման արդյունքում»
Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ Հայաստանը նախընտրեց Մաքսային միությունը Եվրոպայի և Ռուսաստանի առճակատման արդյունքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ էր Հայաստանը երեք ու կես տարի բանակցում Եվրամիության հետ, եթե միևնույն է ստիպված գնալու էր Մաքսային միություն, Վազգեն Մանուկյանը բացատրել է, թե Հայաստանին թվում էր, որ երկու տեղում էլ հնարավոր է լինել: Եվ հետո Մաքսային միության ղեկավարությունը լուրջ չէր քննարկում Հայաստանի միացումը այդ միությանը, որովհետև ընդհանուր սահման չունեին: Բայց Եվրոպայի առաջ քաշած նախապայմաններից հետո փոխվեց նաև Ռուսաստանի մոտեցումը: Մանուկյանի համոզմամբ՝ այս կերպ իրականում երկու կողմերն էլ ուղերձ էին հղում պաշտոնական Կիևին:
«Երեք ու կես տարի ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան ձայն չէին հանում, որ անհամատեղելի է երկու միությունում լինելը, Եվրոպան բարձրացրեց այդ հարցը։ Մեզ թվում էր, թե մենք կարող էինք Ռուսաստանի հետ ստրատեգիական պարտնյորությունը շարունակել, միևնույն ժամանակ Եվրամիության ասոցացված անդամ դառնալ, և դա շատ խելոք քայլ կլիներ։ Բայց ինչ-որ պահից հետո Եվրոպան հայտարարեց՝ «կամ էս կողմ, կամ էն կողմ, չես կարող երկու հարաբերությունները շարունակել»։ Դա միանգամից բորբոքեց Ռուսաստանի ղեկավարությանը։ Եվ մենք փաստորեն մենք ընկանք երկու «թասիբների» արանքը»,- ասել է Մանուկյանը։
«Բնականաբար, երկու կողմից ճնշումներ կային, բայց բնական ընթացքը բերեց սրան, ստիպված քայլ էր դա»,- ասել է նա։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: