ՀԱԿ-ը կառավարությանն անվստահություն հայտնելու հարց կհարուցի ԱԺ առաջիկա նստաշրջանում
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Վերջին շրջանում կառավարության հայտարարություններից ու պարտադրված խոստովանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2011թ. ի վեր, երեք տարի շարունակ թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը։ Այդ բանը այժմ փորձում են արդարացնել նրանով, որ, իբր, այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի հետ նաեւ բանակցություններ են ընթացել գազի գնի շուրջ։ Արդարացումներն անհեթեթ են, քանի որ հենց այդ ընթացքում երկու անգամ փոխվել, ավելացել է գազի մատակարարման մեծածախ գինը՝ դառնալով նախ 240, ապա 280 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց։
Գազի գնի բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարակությունից, այլեւ Ազգային ժողովից։ Կառավարությունը չի խորշել անգամ Պետական բյուջեի մասին 2011, 2012, 2013թթ. օրենքների բացահայտ խախտումից եւ առանց ԱԺ որոշման, գաղտնաբար կուտակել է պետական պարտք, որն այս պահին հասնում է ավելի քան 300 միլիոն դոլարի։
Բոլոր այս թանկացումներից հետո այժմ սահմանի վրա վրա ռուսական գազի մեծածախ գինն իջել, դարձել է 189 դոլար 1000 խ/մ-ի դիմաց, այսինքն՝ նախնական գնից ընդամենը 9 դոլարով ավելի, որից հաշվարկվում էր հանրապետությունում մանրածախ գինը մինչեւ վերջին թանկացումը։ Գնագոյացման մեխանիզմների մեջ այլ փոփոխություն չի եղել, սակայն, սպառողի համար գազի գինը (1000 խ/մ համար) անհասկանալիորեն բարձրացվել է 60 դոլարով։
Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են նաեւ Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին ՀՀ օրենքը։ Առանց Բյուջեի մասին օրենքի եկամուտների մասում փոփոխություն կատարելու, որպես ապօրինաբար կուտակված արտաքին պարտքի մարման միջոց ընտրվել է «Հայռուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Դա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ պետության 20% այդ բաժնեմասն ընդգրկված չէ սեփականաշնորհման ծրագրում։ Հայ Ազգային Կոնգրեսը դեռ 2012թ. հոկտեմբերին ԱԺ-ում հայտարարել էր, որ կառավարությունը գաղտնի եւ ապօրինի որոշում է ընդունել այդ բաժնեմասի վաճառքի մասին, ինչն այն ժամանակ հերքեց նույն կառավարությունը, իսկ այժմ, ահա, հաստատվում է փաստերով ու փաստաթղթերով։
Այսպիսով՝ մեր առջեւ է ռեժիմի հանցավորության հերթական խայտառակ փաստը.
2011-2013թթ. գործադիր իշխանության կողմից կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ Բյուջեի մասին եւ Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքները։ Այդ խատումների գինը ավելի քան 300 միլիոն դոլարի լրացուցիչ արտաքին պարտքն է՝ ընկած ժողովրդի ուսերին։ Դա նաեւ այն գինն է, որ խաբեությամբ կորզվել է ժողովրդից՝ նպաստելու համար ռեժիմի ապօրինի վերարտադրության նախընտրական քարոզչական ապահովմանը 2012թ. խորհրդարանական, 2013թ. նախագահական եւ նույն թվականի Երեւանի քաղաքապետական ընտրություններում։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն, կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։ Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն»: