Բաժիններ՝

Համագործակցության նոր հեռանկարներ

PCD-ի (Պաթոլոգիայի, բջջաբանության զարգացում հասարակական կազմակերպություն) լիազոր անդամ Այծեմնիկ Ասատրյանն արդեն չորրորդ տարին է, ինչ համակարգում է «Հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագիրը, որի մասին տեղեկացված են թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ 2013թ. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրը գրանցել է PCD Հայաստանի մասնաճյուղը՝ առաջինը Կովկասում:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր PCD Հայաստանի մասնաճյուղի նախագահ Այծեմնիկ Ասատրյանի հետ քննարկեց առաջիկա համագործակցության հեռանկարները։

Այծեմնիկ Ասատրյանը ներկայացրեց, որ PCD հայաստանյան մասնաճյուղը կշարունակի ծրագրերը ուռուցքաբանության ոլորտում` խորացնելով և ընդլայնելով մինչև այժմ իրականացված ծրագիրը, որի շրջանակներում Ուռուցքաբանության ազգային կենտրոնին նվիրաբերվել են հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտությունների ավտոմատ սարքավորումներ, լաբորատոր այլ սարքեր, վերապատրաստվել են մասնագետներ, ինչի արդյունքում կենտրոնում զգալիորեն բարելավվել է ախտորոշման որակը:

CD հայաստանյան մասնաճյուղն առավել ընդլայնված գործունեություն կիրականացնի` իր ծրագրերում ընդգրկելով նաև Լոռու մարզը։

Այծեմնիկ Ասատրյանը նախարար Դումանյանին մանրամասներ ներկայացրեց 2014-2018թթ. PCD-ի կողմից Հայաստանում ուռուցքաբանության, գինեկոլոգիայի, ինչպես նաև լաբորատոր ախտորոշման ոլորտներում մասնագետների վերապատրաստման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մասին։

«Հասարակական մեր կազմակերպությունը նաև ֆրանսիական կազմակերպությունների համար որպես միջանցք կծառայի Հայաստանում ուղղակի գործունեություն ծավալելու համար»,-ասաց Ասատրյանը։

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը հավելեց, որ դեսպանությունը կաջակցի մարդասիրական այդ ծրագրերին:

Միաժամանակ կարևորվեց այդ ծրագրերի ներգրավումը նախարարության ընդհանուր քաղաքականության մեջ ։

Ողջունելով Հայաստանում PCD-ի ներկայությունն ու նախանշվող ծրագրերը` Դերենիկ Դումանյանը շեշտեց, որ նախարարությունը մշտապես սատար կկանգնի PCD-ի մարդասիրական ծրագրերի իրականացմանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս