Տարոն Մարգարյան. Մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջև էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերությունները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վրաստանի մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով Երևանի քաղաքապետին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Գեորգի Ուգուլավան ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է երկու մայրաքաղաքների համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար, և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը ևս մեկ խթան կհանդիսանա երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար.

«Այսօր իսկապես կա մեծ ներուժ Երևանի և Թբիլիսիի միջև փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Երևանը վստահելի գործընկեր է մեզ համար, և վստահ եմ, որ Ձեր այս այցից հետո համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն, ու երկու մայրաքաղաքների միջև գործակցությունն առավել առարկայական կդառնա»,- նշել է Գեորգի Ուգուլավան: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ի մասնավորի ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Թբիլիսիի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար. «Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջև էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար, և համոզված եմ, որ առաջիկայում մեր երկուստեք հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նոր ծրագրերի շրջանակը, ինչպես նաև կմշակի երկու քաղաքների համագործակցության նոր համաձայնագիր:

Տեսանյութեր

Լրահոս