Բաժիններ՝

Հայտնաբերվել է Ամադեո Մոդիլիանիի 54 կեղծ նկար

Հռոմում արվեստի ստեղծագործությունները կեղծելու կասկածանքով ձերբակալվել է միջազգային հեղինակություն ունեցող արվեստաբան Քրիստիան Գրիգորի Պարիզոն, ով 1984-ից համարվում է Ամադեո Մոդիլիանիի ստեղծագործությունների աշխարհի լավագույն գլխավոր փորձագետը: Նա մեղադրվում է Մոդիլիանիի ստեղծագործությունները կանխամտածված կեղծելու մեջ, նրա հանցակիցներից է նաև արդեն ձերբակալված՝ ճանաչված art-դիլերներից մեկը: Այս պահին Իտալիայում և Շվեյցարիայում համապատասխան մարմիններն առգրավել են Մոդիլիանիի կեղծ 41 նկար և 13 թղթի վրա նկարած ստեղծագործություն, որոնց նախնական արժեքն՝ իբրև բնօրինակ, ընդհանուր առմամբ կազմել է 6.65մլն եվրո: Ի դեպ, Պարիզոյի նկատմամբ կասկածները եղել են դեռ 10 տարի առաջ, երբ 2002թ. Իսպանիայի ոստիկանությունը կոշտ մեթոդներով փակեց Մոդիլիանիի ցուցահանդեսը, որի հետ անմիջական կապ ուներ Պարիզոն: Դեռ այդ ժամանակ ոստիկանության և անվտանգության ծառայողներն առգրավել էին 77 գեղանկար: Ընդ որում, գլխավոր կասկածն առաջացրել է Սելին Հովարդի մերկ պորտրետը, որի իսկության կասկածի հարցում բազում փորձագետներ հազվագյուտ համերաշխություն են դրսևորել: Ինչևէ, լոնդոնյան համալսարաններից մեկի հետազոտության արդյունքում գիտնականներն ապացուցված են համարել, որ պատկերի աջ հատվածը պարունակում է տիտանի սպիտակ ներկի մի քանի շերտեր: Այդ ներկը շատ տարածված է մեր օրերում, սակայն  գոյություն չի ունեցել Մոդիլիանիի կյանքի օրոք: Իրականում Պարիզոյի ձերբակալությունը ձգձգվել է այն պատճառով, որ վերջինս Մոդիլիանիի ստեղծագործությունների նկատմամբ ունեցել է հեղինակային իրավունք: 1984 թ. այդ իրավունքը Պարիզոյին փոխանցել է Մոդիլիանիի դուստրը, ով նրա հետ ծանոթացել է 1970թ.՝ Պարիզոյի դոկտորական ատենախոսության ժամանակ: Վերջինիս՝ նկարները կեղծելու խարդախության զոհ են դարձել աշխարհի շատ կոլեկցիոներներ, խոշոր աճուրդային տներ և արվեստի դիլերներ, քանի որ աշխարհում Մոդիլիանիի որևէ աշխատանք չի վաճառվում՝ առանց Պարիզոյի փորձագիտական եզրակացության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս