«Եթե բարեփոխումները ցավոտ չեն լինում, դրանք բարեփոխում չեն». ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ կառավարության հանդեպ անսվտահության պատճառը «ցավոտ» բարեփոխումներն են: 168.am-ի հետ զրույցում նա ասաց այս մասին՝ անդրադառնալով կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը դեմ քաղաքացիների ու քաղաքական ուժերի կարծիքներին, թե կենսաթոշակային համակարգի նման ներդրումը` կառավարության հանդեպ առկա անվստահության պայմաններում, անհեռանկարային է:

Մեր հարցին, թե համաձա՞յն եք, որ քաղաքացիները չեն վստահում գործադիր մարմնին, նախարարը պատասխանեց. «Ընդհանրապես վստահությունը շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ՝ աշխարհի բոլոր երկրների կառավարությունների համար այն պրոբլեմատիկ խնդիր է, որովհետև բարեփոխումները լինում են ցավոտ: Եթե բարեփոխումները ցավոտ չեն լինում` դրանք բարեփոխում չեն: Իսկ եթե ցավոտ են, դա առաջացնում է խնդիրներ: Բայց կառավարության ուժեղությունը նրանում է, որ բարեփոխումները հասցվեն իրենց տրամաբանական ավարտին, որովհետև դա պետք է թե՛ երկրին, թե՛ ժողովրդին»:

Ճշտող հարցին, թե բնակա՞ն եք համարում, որ կառավարության հանդեպ անվստահություն կա, Ա. Ասատրյանը դրական պատասխան տվեց. «Բնական գործընթաց է, երբ կառավարության գործողությունները քաղաքացիների կողմից միշտ չէ, որ վստահության են արժանանում: Կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ, որոնք փոփոխություններ են մտցնում մարդկանց կենցաղում, վարվելակերպում»:

Ինչ վերաբերում է նրան, որ ոչ իշխանական չորս ուժերը դիմելու են Սահմանադրական դատարան` կուտակային պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու համար, նախարարն ասաց. «Կդիմեն, կքննարկվի, ՍԴ-ն կկայացնի որոշում: Ես ոչ մի հակասահմանադրական կետ կենսաթոշակային ներդրվող համակարգում չեմ տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս