Նալբանդյանը Դավութօղլուի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը. հարաբերություններ՝ առանց նախապայմանների

Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ, հայտնում են ԱԳՆ-ից:

Բուլղարիայի ԱԳ նախարար Կրիստիան Վիգենինի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է նրան ՍԾՏՀԿ նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանը ամենայն աջակցություն կցուցաբերի Բուլղարիային իր նախագահության ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են ՍԾՏՀԿ օրակագային հարցեր, բուլղարական նախագահության առաջնահերթությունները, տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու ուղիները։ Նախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը։

Նախարար Վիգենինը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին՝ պաշտոնական այց կատարել Սոֆիա։

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը շնորհավորել է Հայաստանի արտգործնախարարին կազմակերպությունում Հայաստանի նախագահության հաջող ընթացքի և արձանագրած արդյունքների կապակցությամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքներին, ՍԾՏՀԿ քարտուղարության աշխատանքներին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը քննարկվել են ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցելության ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նախապատրաստական աշխատանքներին։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։ Նախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը և ծրագրերին:

Հայաստանի արտգործնախարարի և Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Գեորգի Ցիամբայի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները կարևորել են հայ համայնքի դերակատարությունը հարաբերությունների զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Սերբիայի փոխարտգործնախարար Ռոկսանդա Նինչիչի հետ հանդիպմանը վերջինս Հայաստանի ԱԳ նախարարին է հանձնել Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի ուղերձը և Բելգրադ այցելելու հրավերը։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-սերբական քաղաքական երկխոսության, տնտեսական փոխգործակցության, մշակութային փոխանակումների ակտիվացման հարցերը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կարևորվել է արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիայի հանդիպմանը կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների ղեկավարների միջև մշտական շփումները, պարբերական խորհրդատվությունների անցկացումը։ Արծարծվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2014թ. սկզբին հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնելու վերաբերյալ։

Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Կիրիակոս Գերոնտոպոուլոսի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն է հայտնվել հայ-հունական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ 2014թ. հունվարին մեկնարկելիք՝ Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։

Ալբանիայի փոխարտգործնախարար Ալքի Փուլիի հետ զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կարևորել է երկկողմ համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի ձեռնարկումը։ Ալքի Փուլին ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամ է հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հանդիպմանը երկուստեք կարևորվել է արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, առևտրատնտեսական կապերի խորացումը։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Ալբանիայի փոխարտգործնախարարը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար Վալերիու Չիվերի հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի՝ Մոլդովա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Անդրադարձ է կատարվել Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման հարցերին: Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս