Եթե ժամանակին զեկուցեին, մենք չէինք գտնի զինվորին սպանված վիճակում. Սեյրան Օհանյան

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցան «Մարդու իրավունքների պաշտպանությունը ԶՈՒ-ում» թեմայով լսումներ, որի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց երեկվա միջադեպից: Հիշեցնենք, որ երեկ զորամասերից մեկում զինծառայողը զանգահարել էր հորը, ասել, որ իրեն այլևս չեն տեսնի, ապա գտել էին զինվորի դին: «Դեռևս մեր հասարակության մեջ և նաև բանակում գոյություն ունեն այնպիսի երևույթներ, ինչպիսին է թաքցնելը, չզեկուցելը ժամանակին, քո ուժերով խնդիրները լուծելու սկզբունքին դավանելը: Կարծում են, որ իրավապահ մարմիններին ժամանակին զեկուցելը ճիշտ չէ, հրամանատարներին դիմելը ճիշտ չէ, ինչը նաև փողոցից է ներմուծվում բանակ»,-այս առնչությամբ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ապա հավելեց. «Եթե զինծառայողները ժամանակին հրամանատարներին զեկուցեին, որ նման դեպք կա` միջանձնային, ապա կարելի էր կանխարգելել ,ու մենք չէինք գտնի զինվորին սպանված վիճակում: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում ծագած վեճի և հաշվեհարդար տեսնելու միտումներ կան. առայժմ իրավապահ մարմինները աշխատում են, երբ ամեն ինչ բացահայտվի, հասարակությանը կտեղեկացնենք»: Լրագրողների հետ զրույցում ևս նախարարն անդրադառնալով իր այն համոզմանը, որ եթե ժամանակին զեկուցվեր Չինարիի դեպքի մասին, հնարավոր էր նաև այն կանխարգելել, ի պատասխան այն հարցին, թ արդյոք կարելի՞ է ենթադրել, որ սա ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն, նախարարն ասաց. «Այսօր չենք ասում, որ կոնկրետ ինքնասպանություն է տեղի ունեցել, սպանված վիճակում զինծառայողը զենքի պահասենյակում գտնվել է: Իհարկե, թվարկվածներից մեկն ինքնասպանությունն է և ինքնասպանությունն ու ինքնասպանության հասցնելը փոխկապակցված են, երկու խնդիրն էլ մենք նույն հարթության մեջ ենք տեսնում, այսինքն՝ եղել են դրդապատճառներ, որոնք հանգեցրել են նրան, որ մարդ կարող է գնալ ինքնասպանության»: Սեյրան Օհանյանը չբացառեց, որ դեպքի առնչությամբ շատ խիստ տույժեր կլինեն, ինչպես նաև պաշտոնանկություններ: «Գոնե այդ ստորաբաժանման ղեկավարությունը պաշտոնից կազատվի, որովհետև իրենք պարտավոր էին իմանալ դրա մասին, պարտավոր են իմանալ իրադրությունը, որ տիրում է իրենց ստորաբաժանումներում: Այն պատասխանատուները, որոնք պարտավոր էին համագործակցել նաև իրավական ոլորտից, ռազմական ոստիկանությունից, նրանք իրենց տույժը նույնպես խիստ կերպով կստանան»,-եզրափակեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս