Արմեն Աշոտյանին զարմացնում է, որ քննադատում են միայն կառավարությանը
«Գիտե՞ք ինչն է ինձ ավելի շատ հետաքրքրում նման հարցադրումների մեջ. այդ հարցադրումները անողները՝ ոչ իշխանական քաղաքական ուժերը, որպես կանոն, քննադատում են բացառապես կառավարությանը և փորձում են կառավարությունը դիտարկել՝ իշխանական համակարգից առանձին»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն՝ ի պատասխան այն հարցին, թե Կառավարությունը հրաժարական տալո՞ւ է: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր այն մասին, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահովված կառավարությունը պետք է հրաժարական տա, այն դեպքում երբ ՀՀ կառավարությունը կանխատեսում է միայն 5,7 տոկոս:
«Գուցե այդպես ավելի հեշտ է քաղաքական գործունեություն վարել, գուցե կառավարությանը քննադատելու համար, հրաժարակական պահանջելու համար մեծ խիզախություն այսօր պետք չէ, գուցե այդպես ավելի հարմա՞ր է: Ամենակարևորն այն է, որ եթե անգամ, տեսականորեն, այս կառավարությունը հրաժարական տա, մեկ է՝ հաջորդ կաավարությունը կազմավորելու է նույն քաղաքական թիմը, և քաղաքական թիմը շատ լավ գիտի՝ իր ներսում այսօր կադրային լավ ռեսուրս ունի՞՝ նախարարական պաշտոններ զբաղեցնելու համար»- ավելացրեց նա:
Հարցին, թե կադրերի մեջ չի՞ գտնվի մեկը, ով 7 տոկոս տնտեսական աճ կապահովի, նախարարն այսպես պատասխանեց. «Նախագահի քաղաքական հոդորը՝ գրանցել 7 տոկոսանոց տնտեսական աճ, որը հնչեց կառավարության նիստում, քաղաքական հորդոր է եղել: Եթե ուշադիր նայեք ծրագիրը, կտեսնեք, որ նվազագույն շեմը, որ դրված է կառավարության կողմից որպես տնտեսական աճ, հինգ տոկոս է: Հետևաբար, մենք դնում ենք ցանկություններ, գաղափարներ, դրանց հասնելու համար գործադրում ենք ջաներ, և եթե ցուցանիշները չենք հասցնում, դուք հանգիստ եղեք, երկրի նախագահի փոխարեն մի մտահոգվեք, որովհետև վստահ եմ, որ դուք էլ եք վստահում իր քաղաքական գործունեությանը, ուստի երբ ինքը հարկ համարի նման տեսակի խնդիրները բարձրաձայնել, ապա կուսակցությունը կլինի այն տեղը, որտեղ այդ խնդիրները կբարձրաձայնվեն: Իսկ նման գործընթաց դեռևս չկա՝ վայելեք հայրենի կառավարության աշխատանքները»:



