Բաժիններ՝

Գիշերվա ընթացքում օգտագործվել է ավելի քան 310 տոննա աղ և շուրջ 640խ/մ ավազ. քաղաքապետարան

Դեկտեմբերի 11-ի կեսօրին վերսկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները մեղմելու, ճանապարհները տրանսպորտային միջոցների համար բաց, իսկ հետիոտնի համար մաքուր պահելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման և կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ:

Գործընթացը միաժամանակ ծավալվել է մի քանի ուղղություններով: Մաքրվել են գլխավոր ու երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակները: Մայրաքաղաքի հատկապես բարձրադիր տեղանքում գտնվող վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են, իսկ գոգավորություններն ավելի շատ, աշխատանքներն, ըստ էության, ընթացել են առանց դադարի:

Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցել են վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ներգրավված աշխատակիցները: Ընդհանուր թվով 128 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող և այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ են գործի դրվել՝ առատ տեղումների հետևանքները հնարավորին արագ վերացնելու համար:

Աշխատանքների համակարգումն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի անմիջական վերահսկողության ներքո, ով տարվող աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցել է քաղաքապետին:

Գիշերվա ընթացքում օգտագործվել է ավելի քան 310 տոննա աղ և շուրջ 640խ/մ ավազ։ Աշխատանքները շարունակվում են:

Վաղ առավոտից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավվում են նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս