Բաժիններ՝

Դատապարտյալի հայրը սպառնում է ինքնահրկիզվել

galatv.am-ի փոխանցմամբ` Գյումրու շտապբուժօգնության կայանի բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանին ծեծելով մահվան հասցնելու եւ մահ պատճառելու մեջ մեղավոր ճանաչված 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման եւ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, արդեն 30 օր շարունակ հացադուլի մեջ է: Ա. Կարապետյանի հայրը՝ Արամայիս Կարապետյանը, նշում է, որ տղայի վիճակը վատ է, նրա մոտ նկատվել է ճնշման անկում եւ կյանքին վտանգ է սպառնում:

«Երեք տարի շարունակ արդեն մենք բողոքում ենք, որովհետեւ սխալ հոդվածով են նստեցրել տղայիս: Երբ մահացավ բժիշկը, սկզբում քննիչը հոդված էր դրել՝ խուլիգանություն, որն անզգուշաբար մահ է հասցրել, 3 օր հետո այլ սցենար տվեցին ու փոխեցին՝ իբր գիտակցաբար, կանխամտածված սպանություն է իրականացրել իմ որդին: Հիմա տղաս արդեն 30 օր հացադուլի մեջ է, ճնշումը արդեն իջել է 40/60. մահվան դուռն է հասել: Այդ ընթացքում նաեւ ստամոքսի արյունահոսություն է ունեցել, տեղափոխել էին հիվանդանոց՝ տարել էին Երեւան, ինքը դարձյալ բողոքել եւ ետ էր եկել: Բերեցին «Արթիկ» ՔԿՀ, հիմա նա նստած է հացադուլի եւ բերանն էլ կարել է: Բոլորը ապշած են, որ այդ կերպ մարդ կարող է դիմանալ առանց սննդի»:

Դատապարտյալի հոր խոսքով՝ իրենց պահանջն է գործը վերանայել եւ փոխել հոդվածը, որով ազատազրկել են Ա. Կարապետյանին:

«Ինքը պահանջում էր՝ թող սրոկն էլ մնա նույնը, ամեն ինչը մնա նույնը, միայն թե փոխեն հոդվածը՝ կանխամտածված սպանության հարցը դուրս գա միջից: Հիմա ինքը պրիմ հոդվածով է նստած եւ ոչ մի բան չի ազդում իր վրա՝ համաներում, թե ինչ, չի ազդի ոչինչ:

Որդիս այս ընթացքում դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ դատախազին, Շիրակի մարզի դատախազին, պատասխանները կան ինձ մոտ. ոչ մեկը հուսադրող չէ: Մերժել են բոլորը: ՀՀ նախագահը մակագրել է ՀՀ արդարադատության նախարարությանը, արդարադատության նախարարությունը պատասխանել է, թե մեր իրավասությունից դուրս է:

Շիրակի մարզի դատախազի հրահանգով ես որդուս հետ երկու օր առաջ հանդիպեցի գաղութում: Մարզի դատախազը ասաց՝ գնացեք համոզեք` թող դուրս գա հացադուլից, մենք այս գործը կնայենք, բայց երբ` հայտնի չէ, գոնե մի հուսադրող բան ասեն, որ մարդն իմանա՝ գործով զբաղվող կա: Օգնե՜ք որդուս, նա սարսափելի վիճակում է. հիմա մնացել է ոսկորն ու կաշին, եթե չօգնեն, ես նրան կկորցնեմ: 32-ամյա որդուս ես կորցրեցի, իսկ 30-ամյա որդիս մահի հետ է կռիվ տալիս»:

Արամայիս Կարապետյանի խոսքով՝ որդու պահանջը այն է, որ ինքը պատասխան տա իր արարքի համար:

«Ինքն ասում է՝ եթե կատարել եմ խուլիգանություն եւ մահ է պատճառվել, թող ինձ դատեն ըստ այդմ: Թող անտեղի չմեղադրեն: Իմ տղան կործանվում է, ես այլեւս ոչինչ չունեմ այս աշխարհի տակ: Արթիկում ինքը հրաժարվել է նույնիսկ բժիշկներից, ես եմ գնացել խնդրել եմ, որ գոնե ճնշումը չափեն, որ տեսնենք ինչ վիճակ է իր մոտ: Ընդամենը 10 օր ժամանակ ունի, այլապես ես նրան կկորցնեմ:

Ամբողջ աշխարհին էլ խնդրել եմ, չգիտեմ էլ ում դիմեմ: Մնում է ինձ մեկ բան անելու՝ գնամ կանգնեմ դատախազության շենքի դիմաց, բենզինը լցնեմ ինձ վրա եւ վառեմ ինքս ինձ: Թող գիտենան, որ արդարությունը փրկել է պետք, այլեւս ուրիշ ոչ մի բան չի մնում ինձ: 10 օր հետո ուշ կլինի, էլ չեմ կարողանա հետ բերել նրան, կկորցնեմ որդուս»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս