Ներսես Երիցյանը բարկացրել է ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորներին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, ինչպես և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին, բարկացրել էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի կողմից ԱԺ ամբիոնից հնչեցրած որոշ գնահատականներ: Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Ն. Երիցյանին իր` նախարար լինելու տարիները: «Տվյալ պաշտոնյան նախարար աշխատած տարիներին պիտի հիշեր իր փառապանծ քաջագործությունների մասին, և դա պիտի բավարար լիներ այս ամբիոնից գոնոռը զսպելու համար, այլապես այնպես պատասխան կստանա, որ իր մանկապատանեկան էնտուզիազմը չի բավարարի այդ պատասխանին գոնե համարժեք կամ ադեկվատ պատասխան գտնելու համար»,-ասաց Զոհրաբյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրեն դուր չեն եկել ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքերը, որոնք վերաբերում էին ՀՅԴ-ին: Նշենք, որ երբ նիստերի դահլիճում քննարկվում էին պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի փոփոխությունները, իր եզրափակիչ ելույթում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը որոշ մտքեր արտահայտեց ՀՅԴ-ի վերաբերյալ: «Պարոն Երիցյանը խոսում էր այն մասին, որ պարզ է, որ Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որը կողմնակից է ողջ տնտեսությունն ազգայնացնելուն, ազգային դարձնելուն… Մենք շարունակ խոսում ենք պետության հեղինակության, պետականության, պետական ինստիտուտների մասին: Սա միայն աբստրակտ, վերացական հասկացողություններ չեն, պետությունը նաև կոնկրետ մարդիկ են, պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են, այդ թվում՝ ԿԲ նախագահի տեղակալ, նախկին նախարար պարոն Երիցյանը, և եթե այս պաշտոնները զբաղեցնող մարդը տեղյակ չի, չգիտի՝ Հայաստանում գործող հիմնական կուսակցություններից մեկի տնտեսական քաղաքականության դրույթների, տնտեսական գաղափարախոսությունը, ապա դա ինքնին արդեն պետականության վարկաբեկում է պետական ինստիտուտների իջեցում: Մարդ, որ զբաղեցրել և զբաղեցնում է նման բարձր պաշտոն, ուղղակի պարտավոր է տարրական գրագիտություն ունենալ և տիրապետել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությանը»,-եզրափակեց ՀՅԴ քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս