
ՀՀԿ-ն անակնկալ չի մատուցի. Գալուստ Սահակյան

Իշխող Հանրապետական կուսակցությունը բյուջեի քվեարկության հարցում անակնկալներ՝ 2014թ. բյուջեին դեմ քվեարկելու տեսքով, չի խոստանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հարցին, թե հնարավո՞ր է՝ անակնկալ անեք, դեմ քվեարկեք բյուջեի նախագծին, նա պատասխանեց. «Այս մի անգամ պիտի մամուլին տխրեցնենք, բյուջեի հետ կապված անակնկալներ չեն լինի»: Նա բացառեց այն տարբերակը, թե ՀՀԿ-ն դեմ կքվեարկի նախագծին՝ նշելով. «Հանրապետական հասկացողությունը թիմ է, ո՞նց պիտի Հանրապետական խմբակցությունը կառավարությունից դժգոհ լինի»:
Նշենք, սակայն, որ ՀՀԿ-ի առաջարկները բյուջեի նախագծի մասով հիմնականում չեն ընդունվել Կառավարության կողմից, ինչն էլ, ըստ շրջանառվող լուրերի, նման խոսակցությունների առիթ է դարձել: Մեր դիտարկմանը, թե ասում են, որ Կառավարության ու ՀՀԿ խմբակցության հարաբերությունները լարված են, ուստի դեմ եք քվեարկելու, նա այսպես պատասխանեց. «Մեկս մյուսից դժգոհ չենք կարող լինել, մենք մի թիմ ենք: Որևէ լարված հարաբերություն չկա»: Պարզապես պատգամավորներն առաջարկներ են արել և ուզում են, որ ընդունվեն իրենց առաջարկները, սակայն կառավարությունը մեկնաբանել է, թե ինչու չեն ընդունել: Բացի դրանից, նաև բնութագրվել է կառավարության կողմից, թե կոնկրետ երբ այդ հարցերին անդրադարձ կլինի: Խնդիրը հետևյալում է, որ քսան միլիարդի առաջարկություն է եղել ԱԺ-ից, բնականաբար, դրա լուծումները շատ բարդ են լինելու»: