ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկում են բացակա գործընկերների փոխարեն (տեսանյութ)
ԱԺ արտահերթ այսօրվա նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսօր ժամը 15:00-ին կկազմակերպվի քվեարկություն՝ մեծ աղմուկ հանած «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի և այլ նախագծերի շուրջ։ ԱԺ նախագահը մի քանի անգամ պատգամավորներին հորդորեց անցնել դահլիճ, մասնակցել քվեարկությանը, ապա կազմակերպվեց քվեարկությունը: ՀՀ-ական բացակա պատգամավորների տեղը լրացնելու համար պատգամավորները սկսեցին քվեարկել միմյանց փոխարեն: Մասնավորապես, Ալեքսան Պետրոսյանը և Ռուբեն Հովսեփյանը եռանդով ստանձնեցին բացակա հարևան պատգամավորի տեղը: Ռուբեն Հակոբյանն ավելի զգույշ գտնվեց՝ առաջին քվեարկությունից հետո՝ տեսնելով լրագրողների սևեռուն հայացքն ու իրեն ֆիքսող տեսախցիկները, դադարեց քվեարկել: Իսկ ահա Ալեքսան Պետրոսյանի պարագայում ամեն ինչ այլ էր՝ նա քվեարկում էր բացակա երկու պատգամավորների փոխարեն ու չէր էլ մտածում իրեն նկարահանող լրագրողներին: Հավանաբար հուշում ստանալով ՀՀԿ-ական գործընկեևոջ կողմից` ՄԱՊ-ի սեփականատեր պատգամավորը կասկածամտորեն վերև նայեց, ապա դադարեց քվեարկել բացակա գործընկերների փոխարեն: