Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ)
Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում կուտակված գազերի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:
Պայթյունի հետևանքով փլուզում տեղի չի ունեցել, զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ առողջապահության, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:
Դիտահորերի տարածքը ժապավեններով մեկուսացվել է, ոստիկանները հեռացնում են մարդկանց՝ զգուշացնելով, որ վառած ծխախոտով դիտահորերին մոտ չգան։
ԱԻՆ Արձագանքման խմբի պետ Անդրանիկ Մովսիսյանը NEWS.am-ին, ասել է, որ «ԱրմենՏել» ուսանողական կենտրոնի աշխատակիցը առավոտյան աշխատանքի գալով, վառել է լույսը, ինչից անմիջապես հետո պայթյուն է լսվել:
«Գազի կուտակումից թեթև պայթյուն է եղել, թե ինչ գազ է՝ ճշտվում է»,- ասել է Անդրանիկ Մովսիսյանը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱԻՆ աշխատակիցները «ԱրմենՏելի» աշխատողներին եւ հարակից շենքի բնակիչներին խնդրել են դուրս գալ բնակարաններից:
Տեսանյութը` news.am-ի: