Յանուկովիչ. ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունները կվերսկսվեն
Ուկրաինայի եվրաինտեգրման կուրսը չի փոխվի: Չորեքշաբթի կառավարության աշխատանքային խումբը, առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի գլխավորությամբ, կմեկնի Բրյուսել` ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններն սկսելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` երեք նախկին նախագահների` Լեոնիդ Կրավչուկի, Լեոնիդ Կուչմայի եւ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպումից հետո: Հանդիպումը կայացել էր այսօր` երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ելքերը քննարկելու համար:
«ԵՄ հետ կոնկրետ աշխատանք է սկսվում, որը մեզ առաջարկել է Եվրահանձնաժողովը»,-ավելացրել է նա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Նա նաեւ ասել է, որ Կիեւը մտադիր է հստակության հասնել` մինչեւ 2014թ. մարտը կայանալիք Ուկրաինա –ԵՄ գագաթնաժողովը ԵՄ հետ ասոցացման համաձայանգրի ստորագրման պայմանների առումով: Ըստ նրա` ուկրաինական կողմը մտադիր է Բրյուսելի հետ քննարկել «յուրաքանչյուր ապրանքախումբ», քանի որ առաջարկված տեսքով համաձայնագիրը ռիսկեր է պարունակում Ուկրաինայի համար:
Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ պետք չէ հակադրել Եվրամիության եւ Ռուսաստանի հետ Կիեւի հարաբերությունները, «այլ հարկավոր է գտնել այդ հարաբերությունները միավորելու ուղիներ»:
Յանուկովիչը նաեւ հայտարարել է, որ Կիեւում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված մասնակիցների մի մասն այսօր իսկ ազատ կարձակվի: «Ազատ կարձակվեն ցույցերի այն մասնակիցները, որոնց նկատմամբ ծանր մեղադրանք չի առաջադրվել»,-հայտարարել է նա:
Նա նաեւ հավաստիացրել է, որ Անկախության հրապարակում կատարված իրավախախտումների բոլոր մեղավորները կպատժվեն: «Ես համաձայն եմ այն պահանջների հետ, որոնք հնչում են երկու կողմից. անկասկած, մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,-ասել է Յանուկովիչը: