Երևանի ավագանին հաստատել է գույքահարկի արտոնությունները

Դեկտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն են ներկայացվել Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա, ինչպես նաև 2014թ. միամյա ծրագրերը: Երևանի ավագանին գրանցված 56 անդամների քվեարկությամբ՝ ձայների 50 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ, հաստատել է Երևանի զարգացման քառամյա և գրանցված 55 անդամների քվեարկությամբ՝ ձայների 49 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ, Երևանի զարգացման 2014թ. ծրագրերը:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է գույքահարկի արտոնություն սահմանել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև ՀՀ և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, ինչպես նաև Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը:
Գույքահարկի արտոնություն է սահմանվել նաև Հայաստանի նկարիչների միության անամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինությունների՝ ստեղծագործական արվեստանոցների մասով: Սահմանվել է նաև Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի և վճարների 2014թ. դրույքաչափերը:
Ավագանին սահմանել է նաև Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը: Ծառայողական ավտոկայանատեղիների համար կսահմանվի ցուցանակի միասնական ձև, որտեղ նշված կլինեն կայանման պայմանները: Ծառայողական ավտոկայանատեղիների համար վճարվող գումարն ամբողջությամբ մուտքագրվելու է համայնքային բյուջե:
Ավագանին նաև որոշել է Երևանի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող` Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.42 հեկտար հողամասը՝ դրա վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի հետ միասին, ներդնել «Դի Ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ կանոնադրական կապիտալում` կնքելով անշարժ գույքի ներդրման և բաժնեմասերի շնորհի պայմանագրեր՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված «Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման» ծրագրով սահմանված հիմնական պայմաններով: Նշված պայմանագրերի կնքման արդյունքում կկարգավորվի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս