Փաշինյանի նախաձեռնության մասին Զուրաբյանը հատուկ կարծիք չունի
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի հետևել նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրին»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այդ նախաձեռնությանը:
«Ես չեմ հետևել դրան, որովհետև մենք նախապատրաստվում էինք երթին, և որևէ հատուկ ասելիք չունեմ այդ կապակցությամբ»,-ասաց Լ. Զուրաբյանը:
Նա միայն ասաց, թե նախաձեռնության մասին իմացել է միայն թերթերի հրապարակումներից: «Ինչ-որ բան թերթերում կարդացել եմ»,- նշեց նա՝ կրկնելով, թե որևէ հատուկ ասելիք այս առնչությամբ չունի:
Լրագրողների դիտարկմանը, թե պարտադիր չէ որևէ հատուկ բան ասել, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե ինքը միայն հատուկ բաներ է ասում: