Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Իտալիայի դեսպանի հավատարմագրերի պատճենը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչիուլլիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանն ասել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսեւորումներով եւ բարի ավանդույթներով։ Նա հաջողություն է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն իր աշխատանքով կնպաստի հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնմանը եւ խորացմանը: Նախարարը հավելել է, որ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առկա փոխվստահության մթնոլորտը, որը հիմնված է պատմական սերտ առնչությունների եւ ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով նոր ձեռքբերումներ արձանագրելու համար։
Դեսպան Ռիչիուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի առավելագույնը հայ-իտալական համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Ռիչիուլլիին քննարկել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի խթանման, ապակենտրոնացված, կրթամշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձել են նաեւ Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը: