«Հավաքվելու ենք այնքան, մինչև այս իշխանությունը էստեղից չհեռանա». Արամ Մանուկյան
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը արդեն Ազատության հրապարակում հայտարարեց, թե հայ ժողովուրդը նվիրված է մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության գործին, ապա հավելեց. «Մարդու իրավունքները ամենաբարձր արժեքն են մեզ համար, ովքեր այստեղ են, և մենք պաշտպանում ենք բոլորի իրավունքները՝ բոլոր քաղաքական ուժերի, բոլոր փոքրամասնությունների, բոլոր խմբերի»: Նա նշեց, որ իրենց միացել են ազատամարտիկները, զոհված զինվորների ծնողները, կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին դեմ բողոքող մարդիկ և այլն: «Եվ հավաքվելու ենք այնքան, մինչև այս իշխանությունը էստեղից չհեռանա: Մեր երկրում մարդու իրավունքները ոտնահարող մի հիմնարկ կա՝ Բաղրամյան 26-ի հիմնարկն է: Սիրելի ժողովուրդ՝ տարբեր բնագավառներում պայքարող մարդիկ, նախաձեռնություններ, ոչ մեկիդ հաջողությունը երաշխավորված չէ, եթե միասին չլինենք, ու միայն մեկ ձև կա սրանցից ազատվելու, մեկ ձև՝ բոլորս պետք է հավաքվենք ու էն մարդուն, ով ոտնահարում է իրավունքները ասենք` էս քո երկիրը չի, դուրս արի, դուրս արի գնա, որովհետև էս երկիրը իրավունքը պահողինն է: Էս ոգով տրամադրված, ուս ուսի կանգնած, եկեք տեր կանգնենք էս երկրին, տեր կանգնենք, որովհետև ուրիշը չի կագնելու՝ ոչ մի Եվրոպա, ոչ մի օրենք չի կանգնելու, եթե մեր կամքը բավարար չլինի»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ արտագաղթի թվերից Հայաստանը արնաքամ է լինում և երբեք չպետք է թույլ տալ արտագաղթել մարդկանց: «Խնդրում եմ՝ պահեք մարդկանց, օգնեք, եկեք պայքարենք մարդկանց իրավունքների համար, որ Հայաստանը չլքեն: Մենք չենք կարող իրավունքի համար պայքարել, եթե հայաստանցին Հայաստանում չմնա: Ավելի հեշտ ձև կա՝ մի հոգու քշելու խնդիր կա, և էդ մի հոգուն քշելու դեպքում բոլորս տեր կկանգնենք մեր իրավունքներին»,- եզրափակեց Արամ Մանուկյանը: