Բաժիններ՝

Բերդի տարածաշրջանի ուսանողներին ճանապարհի խնդրով ընդառաջել են

tesankyun.am-ի փոխանցմամբ` ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում սովորում է Բերդի տարածաշրջանի բնակիչ 102 ուսանող: Կապված Վազաշեն-Պառավաքար հատվածում առկա խնդրի, Իծաքար-Իջեւան ավտոճանապարհի դժվար երթեւեկելու լինելու հետ, այդ տարածաշրջանի ուսանողները դիմել էին մասնաճյուղի տնօրինությանը, որպեսզի ճանապարհի հիմնահարցի պատճառով իրենց բացակայությունները համարվեն հարգելի:

Մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, Այգեձորի բնակիչ Յուրի Ալիփյանը եւ նույն բաժնի առաջին կուրսի ուսանող, Նավուրի բնակիչ Վոլոդյա Գրիգորյանը մեզ ասաել են, որ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն ընդառաջել է տարածաշրջանի ուսանողների խնդրանքին:

Յու. Ալիփյանը եւ Վ. Գրիգորյանը հայտնեցին, որ մասնաճյուղի տնօրենի որոշումը իրենց ազատել է ճանապարհի խնդրի պատճառով պարապմունքներին եւ նամանավանդ՝ քննություններին իրենց բացակայությունները ոչ հարգելի համարվելու մտավախությունից:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի դեկտեմբերի 9-ի հրամանով՝ Բերդի տարածաշրջանից ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի առկա եւ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների բացակայությունները մինչեւ 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը համարվում են «հարգելի», մասնաճյուղի «կրեդիտային համակարգով առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանողների գնահատման» կարգի համաձայն այդ ուսանողներին է փոխանցվելու առավելագույն՝ 2 միավոր, մինչեւ 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի լուծարքները՝ նրանց «ընթացիկ» եւ «հանրագումարային» քննություններին չներկայանալը համարվում է «հարգելի» եւ թույլատրվում է դրանք հանձնել մինչեւ առաջին կիսամյակի ավարտը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս