Պետգնումները՝ «CPS»-ին, սուբսիդիաները՝ «Ֆլեշին». «Հետք»
«Հետքը», ուսումնասիրելով ՀՀ Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգի կայքում ներկայացված բենզինի և դիզվառելիքի գնումների 2013 թ. պայմանագրերը՝ պարզել է, որ դրանց առյուծի բաժինը, ինչպես 2012-ի առաջին կիսամյակում, բաժին է հասել Աշոտ Սալազարյանի ընկերությանը, տվյալ դեպքում՝ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ին:
Ըստ gnumner.am-ի՝ ընթացիկ տարում «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի հետ պետական հիմնարկները կնքել են ավելի քան 293 մլն-ի պայմանագիր, 11,5 մլն-ի մեկ պայմանագիր էլ կնքվել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի հետ: Այսինքն՝ Ա. Սալազարյանի ընկերությունները մատակարարած վառելիքի դիմաց պետությունից ստացել են շուրջ 305 մլն դրամ: Սա՝ ըստ նշված կայքի:
Ըստ լրատվամիջոցի՝ «Ֆլեշ» և «Մաքսհուր» ՍՊԸ-ները «չնչին» օգուտներ են ունեցել՝ «CPS»-ի համեմատ: «Ֆլեշի» «օգտին» երկու պայմանագիր կարողացանք գտնել՝ ընդհանուր 1,8 մլն դրամի չափով, իսկ «Մաքսհուրի» պարագայում՝ մեկ պայմանագիր (2,4 մլն): Բայց Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը» երբեք էլ չի մնացել պետգնումների մրցույթներում հաղթելու հույսին: Վարչապետի մերձավորը համարվող այս գործարարը կարող է վստահ լինել, որ ամեն տարի իրեն կտրվի գյուղացիներին էժան դիզվառելիք մատակարարելու գործը: Բնականաբար, քանի վարչապետը Տիգրան Սարգսյանն է:
Այս տարվա փետրվարին, ինչպես և նախորդ տարի, կառավարությունը որոշեց սուբսիդավորել գյուղացիներին մատակարարվող դիզվառելիքը: Եվ այդ գործը կրկին հանձնվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ին: Գարնանային աշխատանքների համար մատակարարվող վառելիքը իր փետրվարյան որոշմամբ կառավարությունը սուբիսադավորեց 1.789.336.500 դրամով: Իսկ աշնանային աշխատանքների համար էլ օգոստոսին որոշվեց «Ֆլեշին» վճարել 43.959.420 դրամ: Դրան պետք է ավելանար գարնանը չիրացված վառելիքի համար տրված սուբսիդիան՝ 551.795.580 դրամ: Այսինքն՝ 2013-ի գյուղացիական աշխատանքների դիզվառելիքի ծախսերը սուբսիդավորելու համար կառավարությունը «Ֆլեշին» հատկացրել է ավելի քան 1,8 մլրդ դրամ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարում՝ Բարսեղ Բեգլարյան, Տիգրան Սարգսյան, Աշոտ Սալազարյան