«Մենք ցանկանում ենք զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում». Էդվարդ Նալբանդյան
Դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական Միություն Համագործակցության խորհրդի 14-րդ նիստին։
Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ անցած նիստին քննարկվեց երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության զարգացումները՝ Վիլնյուսի գագաթաժողովի համատեքստում, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը, այդ շրջանակներում Եվրախորհրդի-Եվրամիության համագործակցությունը։ Նիստին անդրադարձ արվեց հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:
«Հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա, մենք ցանկանում ենք զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն արտացոլված է Վիլնյուսյան գագաթաժողովի` Հայաստնի և ԵՄ միջև Համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև Բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ մեր փոխանակած նամակներում.,- ասաց նախարար Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը և դատական համակարգի կատարելագործումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարումը, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստան – Եվրոպական Միություն ընդհանուր օրակարգի կարևոր բաղադրիչներն են, և ԵՄ շարունակական աջակցությունը կարող է գործիք հանդիսանալ` Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին ԵՄ հետ կնքված համաձայնագրերը անցել են վավերացման գործընթացը և ուժի մեջ կմտնեն 2014թ. հունվարից: Հայաստանը ակնկալում է մեկնարկել Եվրամիության հետ համապատասխպան գործընթաց՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ, որը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:
Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից Արձանագրության ստորագրումը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին` մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ տարբեր Գործակալությունների հետ։ Հայաստանը նաև շահագրգիռ է ԵՄ հետ խորացնել ոլորտային համագործակցությունը, քայլեր ձեռնարկել առավել բարենպաստ միջավայրի կայացման համար՝ ներդրումների խրախուսման և առևտրատնտեսական կապերի ընդլայման նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ հիմնվելով համատեղ ձեռք բերված արդյունքների վրա հարկավոր է աշխատել Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության իրավական շրջանակը հստակեցնելու համար։
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները` նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը, Նախագահների հանձնարարությամբ Կիևում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների քննարկումների արդյունքները:
Եվրոպացի պաշտոնյաները ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահներ հանդիպումների վերսկսումը, և վերահաստատեցին աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
Խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի, Լինաս Լինկյավիչուսի և Շտեֆան Ֆյուլեի համատեղ մամլո ասուլիսը։