
Յանուկովիչը դեկտեմբերի 10 –ին կհանդիպի Ուկրաինայի երեք նախկին նախագահների հետ` իրավիճակը քննարկելու համար

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր աջակցությունն է հայտնել նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկի` իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ համազգային կլոր սեղան հրավիրելու վերաբերյալ գաղափարին: Դեկտեմբերի 10 –ին նա նաեւ կհանդիպի երեք նախկին նախագահների` Լեոնիդ Կրավչուկի, Լեոնիդ Կուչմայի եւ Վիկտոր Յուշչենկոյի հետ` իրավիճակը քննարկելու համար, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից:
Հաղորդվում է, որ երեքշաբթի Կիեւ է մեկնելու նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Կիեւի փողոցներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իրավապահները փորձում են ետ մղել ցուցարարներին կառավարական թաղամասից` բացելով կառավարական շենքեր տանող մուտքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Մայդանում նման գործողություններ չեն կատարվում: Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին քաղաքացիներին հորդորել են դուրս գալ եւ պաշտպանել Մայդանը: Ընդդիմադիր Վիտալի Կլիչկոն միաժամանակ կանանց եւ երեխաներին կոչ է արել հեռանալ հրապարակից:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը եւս իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Կիեւի կենտրոն այցելելուց: