30 000 դրամ՝ կորցրած զինգրքույկի կրկնօրինակի դիմաց
Կաշառքի դիմաց կորցրած զինգրքույկի կրկնօրինակը սեղմ ժամկետում տրամադրելու գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի զինվորների և սերժանտների հաշվառման բաժանմունքի պետ, կոչումով մայոր 34-ամյա Էդմոն Սարդարյանն իր լիազորությունների շրջանակներում նույն մարզի Նոր-Արտագերս գյուղի բնակիչ Գարեգին Ավետիսյանին կորցրած զինվորական գրքույկի կրկնօրինակը սեղմ ժամկետում տրամադրելու համար, հոկտեմբերի 9-ին՝ իր աշխատասենյակում, Գ Ավետիսյանից պահանջել է 30.000 դրամ, որից ընդամենը 5 օր անց զինկոմիսարիատի հերթապահ մասի սենյակում նրանից ստացել է 20.000 դրամը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Էդմոն Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: