Բաժիններ՝

Հայաստանի շախմատի հավաքականի կազմը փոխելն անիմաստ է. ՖԻԴԵ–ի մարզիչ

Հայաստանի շախմատի հավաքականի կազմում խաղացողներին փոխարինելն այսօրվա դրությամբ իմաստ չունի, կարծում է ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ—ի մարզիչ Աշոտ Նադանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Վերջին երկու առաջնություններում հայկական հավաքականի ելույթը, որի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, չի կարելի հաջող համարել։ Նոյեմբերին Վարշավայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ վերջերս Անթալիայում ավարտված աշխարհի առաջնությունում հայ շախմատիստները զբաղեցրեցին 5–րդ տեղը։

«Կարծում եմ` հավաքականի կազմը կմնա անփոփոխ, եթե ոչ ոք ինքնակամ չհրաժարվի։ Նոր երիտասարդ արյունը լավ բան է, եթե ուժերը հավասար են, սակայն ես ռեզերվում արժանի փոխարինող չեմ տեսնում», – ասել է Նադանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Փորձագետի կարծիքով` նոր խաղացողներին կարելի է փորձել հավաքականի կազմում ավելի պակաս պատասխանատու առաջնություններում, սակայն դեռ չարժե խոսել փոխարինման մասին խոշոր մրցումների ժամանակ։

«Առաջիկա շախմատի օլիմպիադայի ժամանակ (որը տեղի կունենա 2014 թ.–ին Նորվեգիայում, «Նովոստի–Արմենիա») իմաստ չունի հիմնովին փոխել կազմը, հնարավոր հավակնորդների և թիմի կազմում հիմնական խաղացողների միջև տարբերությունը դեռ շատ մեծ է և փորձի, և խաղի ուժեղ լինելու տեսակետից», – ընդգծել է Նադանյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս