Դատապարտյալի կոշիկներն ու սղոցի կտորները՝ որպես ապացույց
Մեղադրող կողմը բողոքարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Ս. Աֆյանի, Ա. Ղազարյանի: Ըստ մեղադրանքի՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ս. Աֆյանն ու Ա. Ղազարյանը հացադուլ են հայարարարել, ինչի արդյունքում տեղափոխվել են ՔԿՀ-ի 1-ին հարկում գտնվող թիվ 1 խուց:
«Ս. Աֆյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն խցում պահվող դատապարտյալ Ա. Ղազարյանի հետ ազատազրկման վայրից փախուստ կատարելու շուրջ գալով համաձայնության, 2012 թվականի դեկտեմբերի 6-ի, լույս 7-ի գիշերը վերջինիս հետ իր մոտ եղած երկաթյա սղոցով կտրել է հիշյալ խցի պատուհանի ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում` պատուհանի ճաղավանդակի կտրված լինելը «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվելու և այլ խուց տեղափոխվելու պատճառով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ: Ա. Ղազարյանին ևս նման մեղադրանք է առաջադրվել: Նրանք մեղադրվել են ազատազրկման վայրից փախուստ կատարելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից (ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Ըստ datalex-ի՝ քրեական գործի որպես ապացույց կցված են Ս. Աֆյանի կոշիկները և երկաթյա սղոցի կտորները:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռով Ա. Ղազարյանին անմեղ է հռչակել: Ս. Աֆյանին մեղսագրված արարքը դատարանի կողմից վերաորակվել է որպես փախուստի փորձ ազատազրկման վայրից: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Մեղադրող կողմը առաջին ատյանի դատարանի այս վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով երկու ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչել: Վերաքննիչ քրեական դատարանում գործով հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին: