Բաժիններ՝

Ուկրաինայի երեք նախկին նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Ուկրաինայի երեք նախկին նախագահները` Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը հրապարակվել է «Մեր Ուկրաինա» կուսակցության կայքում:

«Ուկրաինայում խորը քաղաքական ճգնաժամ է ծավալվում, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ողջ ուկրաինական պետության, նրա տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության համար»,-ասվում է  հայտարարության մեջ, հաղորդում է «Газета.Ru»-ն:

Ըստ նախկին նախագահների` ճգնաժամի սկզբնապատճառը կառավարության ոչ համակարգային աշխատանքն է Վիլնյուսում ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման ուղղությամբ: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ համաձայնագրի ստորագրումից «հապշտապ» հրաժարումը չունի «համոզիչ բացատրություններ եւ այլընտրանք»:

«Մարդկանց հուսահատությունը հանգեցրեց նրան, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց` եվրոպական կուրսին վերադառնալու պահանջով, քանի որ նրանց համար եվրոպական արժեքներն ու կենսակերպը անձնական քաղաքացիական ընտրություն է»,-ընդգծել են նախկին նախագահները: Միաժամանակ Կիեւը հստակ ռազմավարություն եւ մարտավարություն  չի ներկայացրել ոչ Ռուսաստանի, ոչ ԵՄ նկատմամբ:

Կրավչուկը, Կուչման եւ Յուշչենկոն աջակցություն են հայտնել Կիեւում եւ մյուս քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցներին` ցույցերը համարելով «քաղաքացիական հասունության» վկայություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս