Պուտին. Հայաստանը զենք կստանա ներքին ռուսաստանյան գներով
Հայաստանը զենք կստանա ներքին ռուսաստանյան գներով: Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Երեւանում կայացած բանակցությունների արդյունքներով:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանը չեղյալ կհայտարարի 35 տոկոսանոց տուրքը Հայաստան մատակարարվող նավթամթերքի համար: Ինչ վերաբերվում է գազին, ապա դրա գինը Հայաստանի համար կկազմի 189 դոլար 1000 խմ դիմաց:
«Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այս տարածաշրջանում, որն այդքան մոտ է ՌԴ սահմաններին եւ սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, երբեք չզոհվեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները», – ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա «ապակառուցողական» է անվանել ենթադրություններն այն մասին, թե ինչպիս՞ի քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը նոր պատերազմի դեպքում: «Նման խոսակցությունները կարող են տպավորություն ստեղծել, թե մենք պատերազմի ենք պատրաստվում, այնինչ մենք պետք է ձգտենք, որ բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական եղանակով», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանը ողջունում է վերսկսված ուղիղ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ եւ ամեն կերպ աջակցելու է խաղաղ գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, եզրափակել է Վլադիմիր Պուտինը: