
Սպասում են Հովիկ Աբրահամյանին

«Մենք նամակ ուղղեցինք Հովիկ Աբրահամյանին, ով Բրյուսելում հայտարարեց, որ պատրաստ է մեզ հետ համագործակցելու, և խնդրեց նույնիսկ տալ համաձայնություն համատեղ կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ «մարտնչելու»: Այդ մարտահրավերն ընդունեցինք, մինչև ամսվա վերջ սպասելու ենք Հովիկ Աբրահամյանի պատասխանին մեր բաց նամակներին, որից հետո արդեն կշարունակենք մեր նոր որդեգրված պայքարը՝ թիրախ դարձնելով նախագահին, քանի որ նախագահն առաջինն է պատասխանատու այս ամենի համար»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ՀՀ իշխանությունների դեմ սկսված պայքարին:
«Հովիկ Աբրահամյանին ուղղված հարցաշարը մենք կավելացնենք 1-2 հարցով և կուղղենք նախագահին և կպահանջենք պատասխան: Զուգահեռաբար` մենք Համահայկական ազգային ճակատ ենք ստեղծել ֆորումի ժամանակ, որը կհավաքվի շաբաթ առ շաբաթ, և կփորձենք Համահայկական ազգային ճակատի միջոցով բոլոր հարցերի պատասխանները պահանջել՝ արդյունքում դնելով, իհարկե, իշխանությունների հրատապ հրաժարականի խնդիրը: Այն, ինչ Լևոն Հայրապետյանը հայտարարեց մեր ֆորումի ժամանակ` իշխանափոխությունը պետք է տևի 20 րոպե, որ մեր թշնամիները չօգտվեն, մենք այդ հայտարարության կողմնակիցն ենք և կանցնենք պայքարի այդ ռեժիմին, եթե մեր հարցերին բավարար պատասխաններ չտան»,- ասել է Գրիգորյանը:
Աշոտ Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթում: