Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Քրեական գործը ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ինքնաբացարկ է հայտնել և գործը ուղարկվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի դատարան:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զինծառայող Դավիթ Խաչատրյանին:

Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝  Դավիթ Խաչատրյանը մայիսի 15-ին ընդգրկված է եղել ՊՆ N զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն է իրականացրել պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ: Համաձայն մեղադրական եզրակացության՝ պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան՝ Դ. Խաչատրյանը բացել է իրեն ամրակցված ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ ռեժիմի վրա, ինքնաձիգի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ:

Ապա, համաձայն մեղադրական եզրակացության, Լյուքս Ստեփանյանի կողմից՝ չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ: Դրա հետևանքով, ըստ մեղադրանքի, Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք. նրա առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Ինչպես հայտնի է՝ Դավիթ Խաչատրյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ և 112-րդ հոդվածի 1-ին մաս):

Ըստ datalex-ի՝ քրեական գործին որպես ապացույցներ կցված են պարկուճ, փամփուշտ, գնդակ, գլխարկ, ոսկրի կտոր, ուղեղանման նյութ, ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության կանոնագիրք, գլխարկ, հուշատետր, զինվորական հանդերձանք, զինվորական վերանազգեստ:

Տեսանյութեր

Լրահոս