Երկար տարիներ է՝ պայքարում ենք անգրագետ պարուսույցների դեմ. Մի սխալ շարժումը կարող է վնասել երեխայի ողնաշարը
Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլն արդեն 50 տարեկան է: Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ պարարվեստը, որի շեշտված ազգային ոճն իր ուրույն մեկնաբանությամբ ներկայացնում է «Բերդ» պարային անսամբլը: Պարարվեստի և առհասարակ` ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային անսամբլի բալետմայստեր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի հետ:
– Պարո՛ն Գևորգյան, լինելով վաստակավոր պարուսույց Բորիս Գևորգյանի որդին և մեծանալով մշակութային մթնոլորտում, ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք` պարարվեստում Ձեր առաջին քայլերի հետ կապված:
– Նախ` ասեմ, որ սեպտեմբերի 21-ին հորս`«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Բորիս Գևորգյանին, շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, որի համար անչափ ուրախ եմ և հպարտ, իսկ ինչ վերաբերում է առաջին քայլերիս հետ կապված հիշողություններին, դրանք շատ են: Ծնվելով մշակութային ընտանիքում` պարն ի սկզբանե ինձ համար անսահման սիրելի էր: Այսօրվա պես հիշում եմ, որ ընդամենը 5 տարեկան հասակում բեմ դուրս եկա` միգուցե չգիտակցելով, թե հետագայում ինձ ի՞նչ է սպասվում: Հայրս տանը մեկ առ մեկ ցույց էր տալիս առաջին պարային շարժումները` ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնելով: Առաջին ելույթս եղել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցում:
Հիշում եմ, թե ինչպես 5 տարեկանում բեմ դուրս եկա և պարեցի «Հոտաղների պարը», ինչպես էի գառնարածներին հաշվում, մի գառնարած չլինելու պատճառով` արտասվում, և հետո գտնելով` ուրախանում: Հետագայում, 6 տարեկանում ամեն շաբաթ պարում էի այն ժամանակ գործող «Ծիծեռնակ» տուրիստական բազայում, որտեղ օթևանում էին Հայաստան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ: Ընդհանուր առմամբ` փայլուն են մանկական համերգային հիշողություններս:
– Յուրաքանչյուր մարդ կարո՞ղ է հասկանալ պարի լեզուն, թե՞ դրա համար պետք են մասնագիտական որոշակի որակներ:
– Պարարվեստն արվեստի այն տեսակներից է, որտեղ մարդկային հույզերն ու զգացմունքներն արտահայտվում են երաժշտության և շարժումների միջոցով: Եվ հենց դրանով էլ, որքան էլ խորքում ազգային ու ժողովրդական լինի, հասկանալի ու հարազատ է ամենքին, որովհետև հայը սիրում է պարել: Իսկ այս ամենը զգալու և փոխանցելու համար անհրաժեշտ են մասնագիտական բարձր որակներ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում համապատասխան կրթություն չունեցող պարուսույցներին, ովքեր բացում են իրենց խմբակները և երեխաներին պարել սովորեցնում:
– Երկար տարիներ է` պայքարում ենք անգրագետ պարուսույցների դեմ, որովհետև երեխային գեղագիտական կրթություն տալու համար հարկավոր է բարձրագույն կրթություն, հարկավոր է իմանալ պարի ամբողջ փիլիսոփայությունը, երեխայի տարիքային առանձնահատկություններից` մինչև տեսական նյութի բաշխում: Մի սխալ շարժումը կարող է վնասել նրա ողնաշարը: Մենք այդպիսի դեպքերի շատ ենք հանդիպում:
Պարուսույցները չեն հասկանում, որ 3 տարեկան երեխային չի կարելի ընդգրկել կազմակերպված պարափորձերի. նրա մոտ դեռ ձևավորված չէ ոսկրամկանային համակարգը: Պարուսույցի սխալ վերաբերմունքից, մեթոդիկայի բացակայությունից երեխան շատ արագ հիասթափվում է. դասավանդումը պետք է լինի «պարզից` բարդ» սկզբունքով, իսկ երեխային պարի դասերին մասնակից դարձնելու ամենալավ տարիքը 5-6 տարեկանն է, երբ նա կարողանում է լսել, հասկանալ երաժշտությունը, շարք կանգնել, ոտքը ձգել, և այլն:
– Դուք մեր ազգային պարը շատ երկրներում եք ներկայացրել: Ինչպե՞ս է աշխարհն ընդունում մեր պարերը:
– Այս տարի Աթենքում ես ներկա էի Պարի միջազգային կոնգրեսին, մենք այս տարի դարձանք Պարի համաշխարհային խորհրդի անդամ, իսկ գիտական մեկ խորհուրդը ես էի ղեկավարում: Աշխարհի 30 երկրներից ներկա էին ազգագրագետներ, բալետմայստերներ, տեսաբաններ:
Անկեղծ պետք է ասեմ, որ աշխարհի բոլոր հայտնի պարագետները գիտեն, որ հայկական պարից մեծ բան չկա, բայց, ցավոք, այն միջազգային գիտական հաստատություններին ինտեգրված չէ. միջազգային փառատոներում մենք սահմանափակվում ենք` մեկ-երկու համար ներկայացնելով, բայց, օրինակ, միայն արգենտինական տանգո սովորելու համար ամեն տարի Արգենտինա է ժամանում 2 միլիոն զբոսաշրջիկ:
Պատճառն այն է, որ մենք հայկական պարն անգլերեն լեզվով միջազգային մակարդակի ներկայացնող պարուսույցներ չունենք: Աթենքում ինձ է մոտենում Անգլիայի հայտնի Պարի ակադեմիայի պրոֆեսորը և խնդրում մի պարուսույց, որպեսզի նա 3 ամսով աշխատի իրենց համալսարանում` շատ բարձր աշխատավարձով, բայց ես իսկապես չգիտեմ այդպիսի մեկին, ով կարողանա 3 ամիս հայկական պարին նվիրված անգլերեն դասախոսություններ կարդալ և անգլերենով Հայկական պարի դասեր անցկացնել: Այսօր մենք աշխատում ենք պատրաստել այդպիսի մասնագետներ և Մանկավարժական համալսարանում ռեկտորի հետ համաձայնության ենք եկել պարարվեստի բաժնում ավելացնելու անգլերեն լեզվի դասաժամերը: Կարծում եմ` չպետք է սահմանափակվենք միայն Հայաստանի մասշտաբներով, մանավանդ, որ աշխարհն ընդունում ու գնահատում է հայկական պարերը: Ի դեպ, հաջորդ տարի Պարի համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Հայաստանում. արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա:
– «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական պարեր» նախագծի հեղինակը Դուք եք: Արդյոք այն ունեցա՞վ որոշակի ազդեցություն` հայկական պարի պրոպագանդման առումով:
– Այո, այս բնագավառում, հատկապես վերջին տարիներին, մենք քիչ ձեռքբերումներ չունենք. կտրուկ աճել է ավանդական պարի խմբերի և նրանց երկրպագուների թիվը, առավել գունեղ և ազգային նկարագրով են ներկայանում մասսայական հանդիսությունները, ակտիվացել են հրատարակչական աշխատանքները, և այլն: Սակայն, այդուհանդերձ, շատ են ու գնալով ավելանում են մտահոգություն հարուցող հարցերն ու լուծում պահանջող պրոբլեմները:
Այս ուղղությամբ արվող վճռական քայլերն ուղղակի ժամանակի պահանջն են և անհրաժեշտությունը: Բանն այն է, որ այսօր հանրապետությունում չկա մի կազմակերպություն կամ կենտրոն, որն իր միակ խնդիրը համարեր և համակողմանի ու հիմնովին զբաղվեր հայ ավանդական պարարվեստի սերնդեսերունդ փոխանցման ճանապարհով` նրա հարատևման, զարգացման, բազմաթիվ պարանմուշների հավաքման, պահպանման, մեկնաբանման և հանրայնացման բազմաբնույթ պրոբլեմներով:
– Մշակույթի նախարարությունն աջակցո՞ւմ է ժողովրդական պարախմբերին:
– Պահպանելով օբյեկտիվության բոլոր սահմանները` անկեղծ պետք է ասեմ, որ վերջին տարիներին Մշակույթի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ազգային պարարվեստին: Օրինակ, ոչ մի տեղ չի ասվել, որ Մշակույթի նախարարության աջակցությամբ շրջանների պարային խմբերի համար տարազներ են կարվել, ժողովրդական պարախմբերին ֆինանսական աջակցություն է ցույց տրվել, որպեսզի հայկական պարը ներկայացնեն միջազգային բեմերում:
«Բերդ» պարային անսամբլի 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ-երեկոն անցկացնելու համար տրամադրվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ինչպե՞ս չասել, որ, օրինակ, այս տարի Սրբուհի Լիսիցյանի «Հայկական ժողովրդական հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի թարգմանված տարբերակի հրատարակումը նույնպես եղավ Մշակույթի նախարարության աջակցությամբ, որի ամբողջական աշխատանքները համակարգվեցին և խմբագրվեցին իմ կողմից:
– Ի՞նչ եք կարծում` պարող ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:
– Պարող դառնում են, իսկ, օրինակ, բալետմայստեր` ծնվում, ինչպես ծնվում են դերասան, նկարիչ: Եթե դու ունես պարային լուրջ տվյալներ և աշխատասիրություն, կարող ես հասնել շատ լավ արդյունքի:
Օրինակ, մենք համալսարանում ունենք բացառիկ ընդունակություններով օժտված մի տղա, ով պարզապես ծույլ է և կարող է իր տեղը զիջել թույլ ընդունակություններ ունեցողին, ով աշխատասիրության շնորհիվ` դառնում է բացառիկ պարող:
Պարողի համար աշխատասիրությունը շատ կարևոր է, որովհետև նա կարճ ժամանակահատված է ունենում պարելու համար. 30-33 տարեկանից հետո տղաների մարմինը չի դիմանում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, աղջիկների մոտ առաջ են գալիս որոշակի կոմպլեքսներ, մարմնի հետ կապված որոշակի խնդիրներ:
– Իսկ ի՞նչ է անում պարողը 30 տարեկանից հետո, երբ իր պարային կարիերան ավարտվում է:
– Պատկերացրեք` 30 տարեկանում թոշակի գնացող մարդ, ով իր ամբողջ կյանքում պարել է: Ամեն մարդ չէ, որ կարող է հետագայում դասավանդման մեթոդիկայով զբաղվել, կազմակերպչական խնդիրներ լուծել, բեմադրություն անել. մարդը պարող է, արտիստ: Նոր մասնագիտություն սովորելն էլ անիմաստ է դառնում: Մենք փորձում ենք ինչ-որ ձևերով լրացնել այդ բացը, պարող արտիստներին որոշակի գործով ապահովել, բայդ դա բավարար չէ սեփական ընտանիքի հոգսերը հոգալու համար:
– 2008թ. Դուք արժանացաք «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանը: Ի՞նչ էր այդ կոչումը Ձեզ համար:
– Այդ կոչումը պարի նկատմամբ իմ անսահման նվիրումի գնահատանքն էր: Հաճելի է, երբ մարդ աշխատանք է անում և անգամ չմտածելով դրա մասին` հանկարծ տեսնում է, որ գնահատված է: Ես կարող եմ ասել, որ իմ վաստակն իսկապես գնահատված է, և ոչ միայն` իմ, այլև` պարախմբի, քանի որ մեկ տարի հետո` 2009-ին, խումբն արժանացավ վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչման: Դա բարձրագույն պարգև է, որ տրվում է բացառիկ կոլեկտիվների:
– Համատեղո՞ւմ եք ավանդական և ժամանակակից ռիթմերը «Բերդի» կատարումներում:
– «Բերդը» հավատարիմ է իր կոչմանը, անսամբլը ժողովրդականը բեմ է դուրս բերում ժամանակակից ոգով և շնչով` պահպանելով ազգային հենքը:
Պարարվեստը երբ կենցաղից բեմ ես բերում, որոշակի մշակման կարիք է ունենում: Կոմիտասն էլ այդպես արեց. նա ինչ որ վերցրեց հայ գեղջուկից, հենց այդպես բեմ չբարձրացրեց, այլ մշակեց, հղկեց, ինչպես «Կաքավիկը», «Հով արեքը», «Քելեր, ցոլերը», և այլն: «Գովնդ» պարը պարել են 1 ու կես ժամ` հարսանիքի ավարտին: Այսօր մենք, բնականաբար, չենք կարող բեմում դա մատուցել այնպես, ինչպես ժողովուրդը պարել է կենցաղում, մենք դա անում ենք կոմիտասյան սկզբունքով: Ահա թե ինչու` պահանջվող ժողովրդական պարային կոլեկտիվներում պարերն առանց «ստեղծագործական միջամտության» բեմ բարձրացնելու տեսությունն իմ կողմից ժխտելի է:
– Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:
– Անսամբլի 50-րդ հոբելյանի հետ կապված` այս տարի մեր ծրագիրը շատ հագեցած էր. պարային նոր բեմադրություններ, նոր տարազներ, սեպտեմբերին մենահամերգներով հանդես եկանք Ռուսաստանում` Լազարևսկում, Ջուպկայում, Տուապսեում: Այժմ խումբը գտնվում է Լիտվայում: Հաջորդ տարի մեզ սպասվում են շրջագայություններ եվրոպական երկրներում, մասնավորապես` Իտալիայում:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ մի շարք վաստակավոր արտիստների բաց նամակին` ՀՀ վաստակավոր դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու համար:
– Իհարկե, ցավալի բան է կատարվել, անկեղծ` ես սգում եմ այդ երեխաների համար, ցավակցություններս նրանց ընտանիքներին, բայց այս դեպքում կան որոշ հանգամանքներ, չգրված օրենքներ: Չեմ կարծում, որ Վարդանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ճիշտ է, և միանում եմ այն արվեստագետներին, ովքեր փորձում են նեցուկ լինել նրան: Բարոյական մասը դեռ թողնենք մի կողմ, մարդու լյարդը` կարած, փայծաղը` հեռացրած, և հիմա ինքը կալանավայրում էգ Փոքր-ինչ աբսուրդային բան կա այստեղ: Թող առայժմ պառկեցնեն քաղաքացիական հիվանդանոցում, դատը կլինի, սահմանված պատիժը կկրի:
– Եվ վերջում, ինչպե՞ս եք պատկերացնում պարարվեստի ապագան Հայաստանում:
– Կիսատ-պռատությունը, «յոլա տանելը», միջոցների անբավարարությունն ու ցրվածությունը, պարարվեստի զարգացման հարցերում երկփեղկվածությունը, հստակ ծրագրերի և հեռանկարային խնդիրների անորոշությունը, եթե կուզեք նաև` երբեմն անտեղյակությունն է այսօր բնորոշ այս բնագավառին: Հայկական ժողովրդական պարի նկատմամբ ամեն տեսակի հաշտվողականություն մեզ ոչ միայն առաջ չի տանում, այլև հանգեցնում է այն լավի, վսեմի կորստյանը, ինչ դարերով կուտակել են մեր նախնիները:
Ելքը, մեր կարծիքով, մի առանձին մասնագիտացված կազմակերպությունում` Ազգային պարի կենտրոնում, համախմբված մասնագետների (ազգագրագետ-պարագետների, բանահավաքների, պարուսույցների, բեմադրիչների, երաժշտագետների, արվեստաբանների, սոցիոլոգների և այլոց) ջանքերի համախմբմամբ միայն կարելի է գտնել:
Այս առումով օրվա հրամայականն է դարձել, ինչպես նշեցի, Ազգային պարի կենտրոնի ստեղծումը, որն իր վրա կվերցնի ազգային պարարվեստի պրոպագանդման և կառավարման հիմնական գործառույթները` ոչ թե հասարակական հիմունքներով, այլ` որպես պետական միավոր: Եվ վերջում, եթե այսպես շարունակվի` «ճգնաժամը կվերածվի փակուղու»:
Հարցազրույցը` ՆԵԼԼԻ ՀՈՎՅԱՆԻ