
Եգիպտոսում Թուրքիայի դեսպանը վերադարձել է Անկարա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալն այսօր վերադարձել է Անկարա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Եգիպտոսի իշխանությունները նոյեմբերի 23-ին նրան հայտարարել են persona non grata (անցանկալի անձ) և որոշել են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնել մինչև գործերի ժամանակավոր հավատարմակատարների մակարդակի:
Եգիպտոսը միաժամանակ Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին, որին Թուրքիան, ի պատասխան, հայտարարել էր persona non grata: Մեկնաբանելով Թուրքիայի ու Եգիպտոսի փոխհարաբերություններում ստեղծված իրավիճակը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ դա կրում է ժամանակավոր բնույթ:
Հիշեցնենք, որ եգիպտական ԶԼՄ-ները հայտնել են, թե Եգիպտոսի ղեկավարությունը ցանկանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի թիկունքում երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ պայմանավորվածության գալ Գյուլի հետ: