Բաժիններ՝

Արամ Նիկոլյան. «Վերջին ժամանակներում գրագետ հագնվելու մեծ առաջընթաց եմ նկատում»

Նորաձևությանը մենք առնչվում ենք ամեն օր և ամենուր: Բոլորը խոսում են նորաձևության մասին, այս կամ այն երևույթը համարում են նորաձև կամ՝ հակառակը: Բայց իրականում դժվար է սահմանել, թե ի՞նչ է նորաձևությունը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ոճաբան Արամ Նիկոլյանի հետ:

– Ի՞նչ է նորաձևությունը:

– Իրականում, ինձ համար նորաձևությունն իմ ապրելակերպն է, իմ աշխարհն է: Իսկ ավելի լայն մասսաների համար նորաձևությունն այն է, ինչ պետք է և հետաքրքրում է գրեթե բոլորին: Չգիտեմ մի այնպիսի մարդու, ով չի սիրում հագնվել, լինել նորաոճ: Սրանով իսկ պայմանավորված է նորաձևության կարևորությունը մեր կյանքում:

– Արդյոք հայաստանյան նորաձևությունը համապատասխանո՞ւմ է համաշխարհային տենդենցներին:

Կարդացեք նաև

– Վերջին ժամանակներում հայաստանյան նորաձևությունը բավական առաջ է շարժվել: Եվ կարող եմ ասել, որ այո՛, իսկապես վերջին ժամանակներում գրագետ հագնվելու մեծ առաջընթաց եմ նկատում մեզանում: Մի քանի տարի առաջվա համեմատ՝ պատկերն ամբողջովին այլ է: Միայն չեմ սիրում այն փաստը, որ ամեն ինչ խառնվել է իրար, չկա կոնկրետ նորաձևություն: Վերջին 20 տարում ոչ մի բնութագրող բան մեզանում չեմ նկատում:

– Իսկ առհասարակ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես են մեր երիտասարդները հագնվում:

– Միշտ շատ ուշադիր հետևում եմ երիտասարդների հագուկապին և պետք է ուրախությամբ նշեմ, որ այսօր արդեն այդքան էլ տհաճություն չեմ զգում, որքան տարիներ առաջ: Ինչպես արդեն նշեցի՝ մեծ առաջընթաց եմ նկատում մեր հասարակության մեջ: Ասեմ, որ շատ է խոսվել երեկոյան զգեստով համալսարան գնալու մասին, և այժմ այդկերպ հագնվողները, իսկապես, արդեն փոքր թիվ են կազմում: Դրանում մեծ է համացանցի և օր օրի ավելացող բրենդային խանութների դերը:

– Ճի՞շտ է ասված, որ նորաձևությունն անընդհատ կրկնվում է, օրինակ` այժմ կարող են նորաոճ համարվել մեր մայրիկների կամ տատիկների զգեստները:

– Թեմատիկ առումով՝ դիզայներները հենց հնից են ոգեշնչվում: Բնականաբար, 60-ականներից սկսած ` նորաձևությունն, անընդհատ փոփոխվելով, թողնում է իր հետքը նորի վրա:

– Ի՞նչ սկզբունքներով է ընտրվում, թե ի՞նչն է տվյալ ժամանակաշրջանում նորաձև:

– Այդ ամենը շատ խառն է, այսինքն` ամեն ինչն էլ կարող է համարվել նորաձև, եթե այն շեշտում է քո անհատականությունը: Իսկ այսօր քեզ ճիշտ բնութագրող հագուստը գտնելը շատ հեշտ է: Նույնը կարող եմ ասել գույների մասին. բոլոր գույներն էլ միշտ նորաձև են, եթե ճիշտ ընտրված են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս