Բաժիններ՝

Հայ-չինական համագործակցության մութ սենյակի սև կատուն

Մոտ 3 տարի առաջ մեծ ոգևորությամբ հայկական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցեց «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսին:

ՀՀ բյուջեի համար այդ ցուցահանդեսը մի կլորիկ գումար արժեցավ՝ շուրջ 580 մլն դրամ, սակայն այն ոչ մի ռեալ արդյունք չապահովեց: Պաշտոնյաներն, իհարկե, կպնդեն, թե նման ցուցահանդեսներին մասնակցությունը ճանաչելի է դարձնում Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար, բայց եթե 3 տարի անց ՀՀ տնտեսությունում ոչ մի իրական ներդրում չի արվում, ներդրումների ընդհանուր ծավալն էլ տարեցտարի մոտ կրկնակի կրճատվում է, ապա այդ պնդումը ոչինչ չարժե: Այս պնդումն առավել ևս անհասկանալի է Դավոսի ամենամյա համաժողովներից ՀՀ ղեկավարության բացակայության ֆոնին, որտեղ հավաքվում է աշխարհի տնտեսագիտական հզոր միտքը:

Ստացվում է, որ Հայաստանի նման աղքատիկ երկրի համար այս ցուցահանդեսին մասնակցության ծախսը պարզապես գումարներ վատնելու, գուցե և` «ատկատների» հերթական դրսևորումն է:

Միլիոնավոր գումարների ծախսն «անարդյունավետ» էր գնահատել նաև ՀՀ Վերահսկիչ պալատը, որի կողմից իրականացված ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ էին բացահայտվել: Մասնավորապես, առանց կատարողական ակտի և պայմանագրի խախտմամբ Զարգացման հայկական գործակալությանը հատկացվել էր 200 մլն դրամ այն դեպքում, երբ փաստացի ծախսը կազմել է 167,831.8 հազար դրամ, իսկ տարեվերջին 32,168.2 հազար դրամի մնացորդը ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն` ձևակերպվել է` որպես դեբիտորական պարտք: Ուշագրավ է, որ հետագայում այդ գումարից ոմն «Ռեդ Սթայլ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 5.4 մլն դրամի պայմանագիր, որով 2010 թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվել է ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեի նախագահի տեսլականը ներկայացնող շնորհանդես, որը ՀՀ կառավարության որոշմամբ չէր նախատեսվել:

Ընդ որում՝ այդ «Ռեդ Սթայլը», կարծես, գրանցվել է հատուկ «Շանհայ էքսպոյի» կապակցությամբ՝ 2009 թ. հոկտեմբերին, հիմնադիրը ոմն Սադյան Վլադիմիրն է, իսկ այսօր «Ռեդ Սթայլի» գործունեության մասին որևէ ինֆորմացիա որևէ տեղեկատվական բազայում չկա:
Մնում է ենթադրել, որ սխալ նախահաշիվների արդյունքում ավելացած գումարն ուղղակի մսխվել է կամ անտեղի տեղը փոխանցվել մաքսավորների գրպանը: Խնդիրն այն է, որ Չինաստանից ապրանքների ներկրումը պատշաճ կերպով չի կազմակերպվել, ապրանքները 82 օր մնացել են «Ձյունիկ» տերմինալում, որի դիմաց գանձվել է 1.57 մլն դրամ: ՎՊ-ն սա որակել էր` որպես «անարդյունավետ ծախս», իսկ դրա պատասխանատուները ՀՀ կառավարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունն են:

Խոշոր գումարներ են հատկացվել նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայում գրանցված «Արմենիան Սեքշըն օֆ էքսպո» ընկերությանը` առնվազն 300 մլն դրամ, իսկ այդ ընկերության պարտականությունն է եղել ցուցահանդեսին ՀՀ պաշտոնական մասնակցությունը «պատշաճ մակարդակով» կազմակերպելը և նախատեսված աշխատանքներն իրականացնելը: Ընդ որում, բացի ՀՀ բյուջեի հատկացումներից, հայկական տաղավարի շինարարության, ձևավորման, պահպանման և այլ ծախսերի համար ՉԺՀ-ի կառավարությունը հատկացրել էր 650 հազար ԱՄՆ դոլար:

ՎՊ-ն բազմաթիվ շեղումներ էր հայտնաբերել նաև ծախսերի նախահաշիվների և փաստացի կատարված աշխատանքների միջև, երբ ՀՀ-ում նախատեսվող աշխատանքներն ավելի թանկ գներով իրականացվել են ՉԺՀ-ում: Ընդ որում՝ հայկական կողմը, չգիտես ինչու, խնայել է չինական փողերը, և ծախսերի այնպիսի վերաբաշխում է իրականացվել, որ ՉԺՀ կառավարության կողմից տրամադրված ֆինանսական աջակցության միջոցների տնտեսման հաշվին ծախսերը կատարվել են ՀՀ պետական բյուջեից:

Կամ՝ ցուցահանդեսի ընթացքում «Հայաստանի ազգային օրվա» անցկացման ժամանակ նախատեսվել է 79.2 մլն դրամի ծախս, բայց փաստացի ծախսը կազմել է 87 մլն դրամ` ի հաշիվ ստեղծագործական խմբի անդամներից յուրաքանչյուրի հոնորարը գրեթե եռապատկելու և ֆուրշետի ծախսերը շուրջ 5 անգամ ավելացնելու: Ի վերջո, այս թերացումները «կոծկվել» են կառավարության կողմից՝ ծախսերի նախահաշվից էական շեղումներն օրինականացնելու նպատակով` ԶՀԳ-ն համապատասխան գրություններով նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն էլ ընդունվել է ՀՀ կառավարության 23.12.2010 թ. թիվ 1726-Ն որոշմամբ:

Հայ չինովնիկներն այնքան են տարվել չինական գումարները խնայելով, որ ՉԺՀ կառավարության նախապես հատկացրած 650 հազար դոլարից 168 հազարը չի ծախսվել, ապա այդ գումարը ստանալու համար հայկական կողմը որոշել է նկարահանել ՀՀ-ի և հայկական տաղավարի մասին պատմող ֆիլմ` այն հիմնավորող նախնական փաստաթղթերը և հայտը ներկայացնելով Ցուցահանդեսի միջազգային բյուրոյին: Ֆիլմի ֆինանսավորման նպատակով մնացած գումարը 01.03.2011 թ. մուտքագրվել է «Արմենիան Սեքշըն օֆ էքսպո» կազմակերպության հաշվեհամարին, այն դեպքում, երբ ցուցահանդեսն ավարտվել է մոտ 1 տարի առաջ՝ 04.11.2010 թ., իսկ ֆիլմն էլ իրականում չի նկարահանվել:

Այդ գումարները մնացել են չինական Bank of Communications բանկում, և վերջապես դրանք իրացնելու համար ԶՀԳ-ն որոշել է մասնակցել «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «Էքսպո 2012 Յոսու»՝ Կորեայում անցկացված ցուցահանդեսին: Թե ում էր պետք այդ ցուցահանդեսին ՀՀ մասնակցությունը, թերևս, ԶՀԳ պաշտոնյաներն իրենք չեն կարողանա բացատրել:

Հանուն արդարության` պետք է նշել, որ վերջին 1-2 տարում չինական կողմն իր ուշադրությամբ պատվել է ՀՀ չինովնիկներին, մասնավորապես՝ Երևանին նվիրվեցին չինական արտադրության ավտոբուսներ, թեև դրանց հաջորդ խմբաքանակն արդեն անվճար չէր: Իսկ գործարար շրջանակները չինացիների հետ համագործակցությունից առավել շատ տուժում են, քան շահում:

Արդեն ավելի քան 100 դեպքեր են արձանագրվել, երբ հայ գործարարները Չինաստանից որևէ հումք ներկրելու ժամանակ տհաճորեն զարմանում են, օրինակ՝ իրենց պատվիրած սպիրտի փոխարեն` ջուր են ստանում, կամ բարձրորակ հումքի համար վճարված գումարների դիմաց անորակ, էժանագին ապրանք են ստանում, և իրենց իրավունքներն այդպես էլ չեն կարողանում պաշտպանել, իսկ ՀՀ կառավարությունը նման դեպքերում ձեռքերը լվանում է՝ պատճառաբանելով, թե մասնավոր ընկերությունների միջև տեղի ունեցած դեպքերում անելիք չունի:

Ի դեպ, հիշեցնենք, որ Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Սա, իմիջիայլոց:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս