Հրանուշ Հակոբյան. Հիմա ավելի լավ է բերդ նստի՞, թե՞ համապատասխան գումար մուծի ու ազատվի քրեական պատժից
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր առաջարկեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարել:
Նշենք, որ հիշյալ oրենքը նախատեսում է 27 տարին լրացած այն երիտասարդներին, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են, չեն ծառայել՝ սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ և ազատվել քրեական հետապնդումից:
Այսօր Հրանուշ Հակոբյանը առաջարկում է կիրառման ժամկետը երկարաձգել մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, թե Սփյուռքում շատ երիտասարդներ կան, ովքեր Հայաստան վերադառնալու խնդիր ունեն, բայց սահմանաված կարգը խախտել են` չեն ծառայել բանակում, և վերադառնալուն պես նրանց նկատմամբ քրեական հետապնդում կհայտարարվի: Իսկ տվյալ օրենքը ազատում է երիտասարդներին քրեական պատասխանատվությունից` փոխարենը պահանջվում է նյութական փոխհատուցում:
«Նրանք որպես օրենք խախտողներ պետք է դատվեն և որպեսզի նման դատական գոծընթացներ չկիրառվեն մեր երիտասարդների վրա, հնարավորություն է տրվում, որ յուրաքանչյուր զորակոչի համար մուծեն համապատասխան գումար, վճար ու ազատվեն քերական պատասխանատվությունից»,- բացատրեց նախարարը:
Հ. Հակոբյանը անկեղծացավ` նշելով, որ թեպետ օրենքը որոշ առումով պայմաններ է ստեղծում երիտասարդների համար՝ չծառայել հայոց բանակում, այնուամենայնիվ, այն օգտակար է: «Ես հասկանում եմ, որ ինչ-որ տեղ պայման ենք ստեղծում խուսափելու օրենքից: Եվ սա էդքան դրական օրենք չէ, դրա համար էլ ես եմ ներկայացնում, ոչ թե Պաշտպանության նախարարությունը. մեղմ ձևով»,- խոստովանեց Հրանուշ Հակոբյանը:
Ի պատասխան մեր այն հարցին՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ օրենքը որոշ առումով օրինականացնում է բանակից խուսափելու հանգամանքը՝ ցույց տալով դրանից ազատվելու ճանապարհը, ասաց. «Եթե այսօր այդ մարդիկ Հայաստանում չեն` բնականաբար չեն ծառայում: Մենք չենք կարող աշխարհով մեկ այդ երիտասարդներին բռնել ու բերել. հայտարարում ենք քրեական հետապնդում և որ պահին այդ անձը հայտնվեց Հայաստանում՝ պետք է դատապարտվի: Հիմա ավելի լավ է բերդ նստի՞, թե՞ համապատասխան գումար մուծի ու ազատվի քրեական պատժից: Կարծում եմ` ավելի հումանիստական է նման մարդկանց բերդով չուղղենք»:
Հակառակ դեպքում, Հրանուշ Հակոբյանի խոսքով, այն քաղաքացիները, որոնց վերադառնալուն պես քրեական պատասխանատվություն է սպառնում, այլևս Հայաստան չեն գա:
«Մենք կփակենք Հայաստան մուտքի բոլոր դռները նրանց առջև: Իհարկե, մենք չենք խրախուսում բանակ չգնալը ևս այս կերպ ազատվելը: Բանակը յուրաքանչյուր հայ երիտասարդի պարտքն է: Պարզապես այս ձևով գոնե նրանք կսկեն հայրենիք գալ»,- նշեց նա` ավելացնելով, որ իրենք հզոր, ուժեղ, հաղթանակած բանակի կողմնակից են: Ուստի Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ օրենքը վերաբերում է արդեն նրանց, ովքեր խախտել են այն, չեն ծառայել բանակում:
Հարցին, թե հաշվարկե՞լ եք ռիսկերը, արդյոք բանակից նախօրոք զարտուղի ճանապարհներով ազատված երիտասարդներն ավելի քիչ չե՞ն վճարում դրա համար, քան 27 տարեկանից հետո նման մեծ գումար վճարելու դեպքում, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ձեր ասածները լավ չեմ հասկանում… Յուրաքանչյուր մարդ պարտավոր է ծառայել բանակում, իսկ եթե կան անօրինականություններ պետք է դրանք փաստերով վերհանել, ճշտել ու պատասանատվության ենթարկել»:
Ի դեպ, նախարարի խոսքով, այս տարիների ընթացքում օրենքի կիրառման արդյունքում շուրջ 7 մլդ 101 մլն դրամ է փոխանցվել Պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին և քրեական հետապնդումից ազատվել է 7116 երիտասարդ: Ըստ Հ. Հակոբյանի` տարեկան կտրվածքով 7-8 հարյուր մլն դրամով համալրվում է Պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշիվը: Իսկ մեկ մարդու կտրվածքով վճարը, Հ. Հակոբյանի խոսքով՝ ընդհանուր չէ, դա կախված է նրանից, թե քանի զորակոչ է բաց թողել տվյալ քաղաքացին. «Եթե 27-28 տարեկան է, բնականաբար, ավելի քիչ է, իսկ եթե, ասենք, 35՝ ավելի շատ: Յուրաքանչյուր խուսափում մոտավորապես 100 հազար դրամ է»: