Բաժիններ՝

«Գեզի» այգու համար 112 օր տևած բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 3.6 միլիոն մարդ. զեկույց

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի անվտանգության ծառայություններն ու հետախուզությունը համապարփակ և մասշտաբային վերլուծության են ենթարկել այս տարվա մայիսի 28-ից մինչև սեպտեմբերի առաջին շաբաթը Ստամբուլի «Գեզի» այգու համար կազմակերպված բողոքի ակցիաները:

Նրանց պատրաստած զեկույցում նշված է, որ 112 օր տևած այդ շարժման ընթացքում գրանցվել է 5532 հանրահավաք կամ բողոքի ակցիա: Բացի այդ, զեկույցը լույս է սփռում բողոքի շարժման մասնակիցների ինքնության վրա, ինչի համար հիմք են հանդիսացել ակցիաների ընթացքում ձերբակալված ավելի քան 5000 մարդու անձնական տվյալները:

Ոստիկանության «Ժողովրդագրական վերլուծության» համաձայն, ձերբակալվածների կեսը հանդիսացել են կանայք: Բացի այդ, 15 տոկոսը չի ունեցել միջին կրթություն, իսկ մեկ քառորդը հանդիսացել են միջնակարգ դպրոցի շրջանավարտներ: Միևնույն ժամանակ նրանց 25 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, իսկ 36 տոկոսը՝ ուսանող է:

Ձերբակալված ցուցարարների 56 տոկոսը կազմել են 18-25 տարեկանները, 26 տոկոսը՝ 26-30 տարեկանները: Ձերբակալվածներից 40-ից ավելի բարձ տարիք ունեցողների քանակը կազմել է միայն մեկ տոկոս:

Ձերբակալվածների ունեցվածքի հետ կապված՝ պարզվել է, որ նրանցից 39 տոկոսի ամսական միջին եկամուտը կազմում է մինչև 499 լիրա (1 դոլարը հավասար է 2 լիրա), 15 տոկոսի մոտ՝ 500-999 լիրա, իսկ 31 տոկոսը՝ 1000-1999 լիրա: Ձերբակալվածների միայն 1/5-ն է ամսական միջին հաշվով վաստակում 2000 լիրայից ավելի:

Հատուկ ծառայությունների հետազոտության մեջ ուշագրավ է նաև այն տեղեկատվությունը, որ ձերբակալվածների 78 տոկոսը հանդիսանում են ալավիներ: Հետազոտության համաձայն, ձերբակալվածների 12 տոկոսը կապված է քաղաքական կուսակցությունների հետ, 6 տոկոսը ներառված է ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների գործունեության մեջ:

Ենթադրվում է, որ ձերբակալվածների մոտ 4 տոկոսը կապված է ահաբեկչական կազմակերպությունների և նրանց հետ կապված լեգալ կառույցների հետ: Հետազոտությունը վկայել է, որ բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 3.6 միլիոն մարդ, որոնցից 5513-ին ոստիկանությունը ձերբակալել է երկրի 81 նահանգներից 80-ում, որոնցում գրանցվել են բողոքի ակցիաներ:

Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիայի միակ նահանգը, որտեղ չի գրանցվել բողոքի որևէ ակցիա, Բայբուրթի նահանգն է: Հետաքննության շրջանակներում կալանքի տակ է վերցվել 189 մարդ: Բողոքի ակցիաների ժամանակ վիրավորվել է 4329 մարդ, այդ թվում նաև 697 ոստիկան, և զոհվել է 5 մարդ: Բողոքի ակցիաների պատճառած նյութական վնասը գնահատվել է մոտավորապես 139 միլիոն լիրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս