Որքան շատ Վրաստանը մոտենա ԵՄ-ին, այնքան լավ կարող ենք պաշտպանել նրան. Ֆյուլե
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Վրաստանի ու Մոլդովայի լրագրողների հետ հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն ու Մոլդովան վայելում են ԵՄ-ի աջակցությունը՝ կապված իրեն ինտեգրվելու հարցում կատարվող բարեփոխումների հետ.
«Եթե Վրաստանը հավատարիմ մնա այն արժեքներին, որոնք կարևոր են ԵՄ-ի համար, հաստատի օրենքի գերակայություն, թույլ չտա ընտրովի արդարադատություն, եթե երկրում լինեն ազատ ԶԼՄ-ներ, ապա այդ ժամանակ նա ավելի մոտ կլինի ԵՄ-ին: Որքան շատ Վրաստանը մոտենա ԵՄ-ին, այնքան լավ մենք կարող ենք պաշտպանել նրան»:
Ֆյուլեն վստահություն է հայտնել, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո այդ փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա մոտ մեկ տարի անց: Վրաստանը պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: